Foto

Արսեն Ջուլֆալակյան. Հուշամրցաշարում հաղթանակն ապացուցեց, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը մոտ կես տարի դադարից հետո գորգ վերադարձավ հաղթանակով:

Հայ ըմբիշը հաղթեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում: Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցաշարի։

«Էստոնիայի մրցագորգում տարած հաղթանակը ևս մեկ ապացույց էր, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում, Արսեն Ջուլֆալակյան մարզիկը կա: Ինքս համոզվեցի, որ բարդ ժամանակներն արդեն անցյալում են: Օլիմպիական խաղերից հետո հոգեբանական ծանր վիճակում էի: Ռիոյում այլ արդյունք էի ակնկալում, սակայն չստացվեց: Ինձ պետք էր վերականգնվել:

Չէի ցանկանում մեծ սպորտից պարտությամբ հեռանալ: Երևի հենց այս միտքն ինձ մոտիվացրեց, որ շարունակեմ կարիերաս: Հոգեբանական վիճակի և վնասվածքի պատճառով մոտ կես տարի բաց թողեցի: Կարողացա հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը և նորից սկսեցի մարզվել:

Անկեղծ ասած, ըմբշամարտի կանոնների փոփոխությունների պատճառով երկմտում էի՝ վերադառնալ գորգ, թե՝ ոչ: Բայց հետո իմացա, որ չորեքթաթ դիրքը նորից վերականգնվում է: Եթե դա չլիներ, ավելի շատ հակված էի միջազգային կարիերաս դադարեցնելու մտքին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ըմբիշը:

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն կշարունակի մարզվել հավաքականի հետ։

«Լևոն Ջուլֆալակյանի հետ որոշեցինք, որ բաց թողնեմ Եվրոպայի առաջնությունը: Մարտից մարզվում եմ և մայիսին լիովին պատրաստ չէի լինի: Չեմ ցանկանում պարզապես մասնակցության համար հանդես գալ: Մինչ այս մարզվում էի հավաքականում, սակայն առանձին ծրագրով, քանի որ այլ մրցաշարի էի պատրաստվում: Այժմ կրկին կլինեմ գլխավոր թիմի հետ: Եվրոպայի առաջնությունից հետո կշարունակեմ հավաքականի ծրագրով»,- նշել է Արսեն Ջուլֆալակյանը: