Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նախօրեին պայքարն ավարտել են խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից): ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան նախնական փուլում տանելով հինգ հաղթանակ՝ մտել էր պայքարը շարունակող 128 մարզուհիների մեջ: Այս փուլից պայքարը շարունակվում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում էր ասպարեզը:
Էմմա Պողոսովան յուրաքանչյուր փուլում մեկը մյուսի հետևից պայքարից դուրս է թողել ավստրալացի, ամերիկացի, եգիպտացի, շվեյցարացի մրցակիցներին՝ մտել ութ ուժեղագույնների մեջ և միայն այստեղ պարտվել ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին: Էմման, ի վերջո, գրավել է 5-րդ տեղը:
Էմմա Պողոսովայի մարզիչ Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:
Նշենք, որ ռուսաստանաբնակ հայսուսերամարտիկ Յանա Եգորյանը 2016 թվականին, ներկայացնելով Ռուսաստանը, դարձավ օլիմպիական չեմպիոն:
Յանան 2015 թվականի դարձել է աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014): 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը: ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012):
Vesti.am









