Foto

Կարևորը, որ գոլ չընդունեցինք. Արթուր Պետրոսյան

ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2-րդ հաղթանակը տարավ՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Ղազախստանի ընտրանու դարպասը: Հանդիպումից հետո մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

 - Ինչպե՞ս է Գևորգ Ղազարյանի վիճակը:

Հիվանդանոցում է, բուժննում է անցնում: Այս խաղի ամենացավոտ պահն է: Հուսով եմ՝ նա շուտ կապաքինվի, մեզ շատ է պետք:

- Ինչպե՞ս է խաղի Ձեր գնահատականը:

Առաջին խաղակեսը լավ անցկացրինք: Փոքր-ինչ հանգստությունն էր պակասում: Տղաները հարձակվողական գործեցին, լավ էին պրեսինգի դիմում: Երկրորդ խաղակեսում կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր:

- Առջևի գծում սրությունը չէր բավականացնում...

Այդպես չեմ կարծում: Մենք կարողանում էինք լավ հարձակվել: Այո, ունենք բացեր, որոնց աշխատելու վրա քիչ ժամանակ ենք ունենում:

- Մյուս հավաքականների հետ է՞լ եք հարձակվողական գործելու:

Ավելի հեշտ կլիներ, որ առաջին խաղակեսում մեր ստեղծած գոլային պահերն իրացնեինք: 4 տարի առաջ վերջին անգամ գոլ չէինք ընդունել: Ինձ համար ամենակարևորը հենց դա է: Սարկիսովը լավ էր գործում, նրան օգնում էին առջևի գծի թիմակիցները:

Ինչպես տեսաք, 4-1-4-1 մարտավարությամբ էինք գործում: Հենրիխը, Մարկոսը լավագույնս կատարեցին իրենց առաջադրանքը: Սարկիսովը մեծ ծավալով աշխատեց, տեսաք, վերջում հոգնել էր:

 - Կարմիր քարտը հանդիպման վճռորոշ դրվագ համարո՞ւմ եք, և ի՞նչ ասացիք ֆուտբոլիստներին ընդմիջմանը:

Այո՛, համարում եմ: Ես ընդմիջմանն ասացի, որ պետք է նույն տեմպով գործել:

 - Ամեն դեպքում, ի՞նչ սխալներ նկատեցիք:

Պաշտպանության գծում փոքր-ինչ հստակություն էր պակասում, գնդակը հեռացնելիս պետք էր ավելի հանգիստ լինել:

- Խաղակցվածության մասով ավելացնելու տեղ ունե՞նք և ընկերական խաղը չէր օգնի՞:

 Մեր հավաքականի մեծ թվով ֆուտբոլիստներ հանդես են գալիս արտերկրում, ինչը դժվարություն է ներկայացնում: Խաղացողներ կան, որոնք երեքշաբթի, չորեքշաբթի են ժամանել ճամբար:

Vesti.am