Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, Ղազախստանի հավաքականի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլում տոնած հաղթանակից հետո (2:0), պատասխանել է լրագրողների հարցերին:
«Շատ ուրախ ենք, քանի որ այսօր ոչ միայն հաղթեցինք, այլև՝ 90 րոպե լավ ֆուտբոլ խաղացինք: Պարզ է՝ կարմիր քարտից հետո խաղը մեզ համար ավելի հեշտ դասավորվեց, բայց դա չի նշանակում, որ մենք սկզբում վատ էինք խաղում: Առաջին իսկ րոպեից լավ էինք խաղում, հասարակ էինք գործում:
Մարզիչը միշտ մեզ հորդորում է հասարակ գործել: Նա լավ գիտի մեր պոտենցիալը, շատ է խոսում այն մասին, որ մենք պետք է հավատանք մեր ուժերին: Ամեն ինչ ստացվեց: Մենք շատ ուրախ ենք»,- ասել է Մարկոսը:
- Մարկոս, խաղից առաջ ծնողներիդ հետ զրուցեցինք և նրանք հենց 2:0 հաշիվ կանխատեսեցին: Նրանց ներկայությունը որքանո՞վ էր քեզ մոտիվացնում:
Ինձ համար շատ կարևոր էր, որ նրանք կարողացան ներկա լինել այսօրվա խաղին: Նրանց ներկայությունը հաջողություն բերեց մեզ: Կուզեմ ամեն խաղին նրանց բերել, որպեսզի մենք այսքան լավ խաղանք և հաղթենք (ժպտում է):
Արդեն նշել եմ, որ վաղուց էի ուզում ծնողներիս այստեղ բերել, ու կկրկնվեմ եթե ասեմ, թե որքան կարևոր է ինձ համար Հայաստանը: Ամեն ինչ իդեալական էր ինձ համար:
Vesti.am