Foto

Կապանի ԲԿ տնօրենն ազատվել է աշխատանքից

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն  այսօր ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:

Աղբյուրը հայտնում է, որ  երեկ՝  հունվարի 17-ին լուծվել է «Կապանի բժշկական կենտրո» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի  13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:

Վ. Հակոբյանն իր խոսքում ասել է, որ այսօր ներկայացնելու է «Կապանի բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե  Իվանյանի  մահը: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ  Սյունիքի մարզային քննչական  վարչությունում դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը»: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: