«ՏուրՍտատ» գործակալությունը վերլուծել է «National Geographic Traveler Awards-2016» մրցանակի համացանցային քվեարկությունը:
«Տարվա բացահայտումը» անվանակարգում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ձայների 8%-ով, զիջելով Վրաստանին (32%) և առաջ անցնելով Իրանից (6%): Հայաստանը նաև ներկայացված է «Լավագույն գաստրոնոմիկ տուր» անվանակարգում:
Նախնական քվեարկության արդյունքներով ճանապարհորդների շրջանում առավել մեծ հեղինակություն են վայելում RoomGuru.ru, «TripAdvisor» և Booking.com համացանցային ծառայությունները: Ռուսաստանն առաջատարների թվում է լողափնյա հանգստի, էքսկուրսիոն ու էկո հանգստի, ինչպես նաև ընտանեկան և լեռնադահուկային հանգստի անվանակարգերում: «Առողջարանային հանգիստ» անվանակարգում առաջատարը Իսրայելն է, իսկ «Էկզոտիկ հանգիստ» անվանակարգում՝ Կուբան:
Օնլայն քվեարկությունը «National Geographic Traveler Awards-2016» մրցանակաբաշխության 23 անվանակարգերում անցկացվում է 2016 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 6-ը:
Ռուսաստանցիների շրջանում աշնանային հանգստին երեխաների հետ ճանապարհորդելու լավագույն տասը քաղաքների ցուցակում է նաև Երևանը: Նման տվյալներ է տրամադրել հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը: Երևանից բացի այդ տասնյակում են նաև Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, Բաքուն, Տալլինը, Թբիլիսին, Պրահան, Բուդապեշտը և Հելսինկին:
Նախկինում հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամանորյա հանգստի համար առավել հանրահայտ 10 քաղաքների թվում նույնպես ընդգրկված է Երևանը, ինչպես նաև Պրահան, Մինսկը, Տալլինը, Բուդապեշտը, Հելսինկին, Ռիգան, Բաքուն, Ստամբուլը և Թբիլիսին:
Vesti.am