Foto

Խնդիրն անտեսելով այն չի վերանա

Ես կրկին ուզում եմ անդրադառնալ ՄԻՊ ընտրության ժամանակ իմ ելույթում հնչեցրած երկու խնդրի, որոնք շարունակում են քննարկվել սոցիալական ցանցերում, մնալ հասարակության օրակարգում: Նախ ուզում եմ անդրադառնալ բազմաթիվ քաղաքացիների բողոքներին՝ կապված ծախսված էլեկտրաէներգիայի և գազի վճարներն ուռճացված լինելու հետ: Խնդիրն անտեսելու հետևանքով այն չի վերանա: Չի կարելի այս հարցը թողնել անհետևանք: Ես կարծում եմ, որ պետական պատասխանատու մարմինները, ՀԷՑ-ը, Մարդու իրավունքների պաշտպանը և պատգամավորները պետք է, ի վերջո, խնդիրը դարձնեն քննարկման առարկա, հարցին տան սպառիչ և հիմնավոր լուծում: Ուռճացված թվերը ծանր դրության մեջ են դնում մարդկանց, հետևաբար, յուրաքանչյուր դեպքով պետք է կատարվի պատշաճ ուսումնասիրություն և տրվի սպառիչ պատասխան: Հաջորդ խնդիրը պատմամշակութային հուշարձանների հանդեպ վայրագ վերաբերմունքն է: Գիշերով, գաղտագողի քանդվում են մեր քաղաքի դեմքը բնորոշող շենքեր, իսկ դրանից հետո սկսում են գործադրել ամբողջ հնարամտությունը՝ արդարացումներ ներկայացնելու համար: Բայց դրանով հարցին լուծում չի տրվում: Այստեղ ևս պետք է հետևողական լինեն և՜ գործադիր, և՜ օրենսդիր մարմինները, և՜ ՄԻՊը: Չի կարելի թողնել, որ մեր քաղաքը կորցնի իր դիմանկարը: Չեն կարող կոմերցիոն նպատակները վեր դասվել մշակութային արժեքներից: Չեն կարող այս հարցում հասարակությունն ու իշխանությունը տարբեր բևեռներում լինել:

ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ՖԲ էջից