Ալիևը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին Ադրբեջանը անկախ չէր և չէր օգտվում լիարժեք իրավունքներից։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ պահպանվել է այն գիտակցումը, թե ինչ է նշանակում լինել գաղութ և հետագայում դառնալ անկախ պետություն։
Այդ երկրի նախագահը նշել է, որ Ադրբեջանից արտահանվել է միլիարդավոր տոննա նավթ, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկիրը բախվել է էլեկտրաէներգիայի և գազի պակասի։ Նա հավելել է, որ Բաքուն մինչ օրս վերացնում է խորհրդային ժամանակաշրջանում շրջակա միջավայրին հասցված վնասի հետևանքները։
Ալիևի խոսքով՝ անկախության 30 տարիների ընթացքում Ադրբեջանը վերածվել է միջին հզորության պետության։
Նա նաև հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսում էին նախկին միութենական հանրապետությունների կործանումը։ Սակայն, ինչպես ընդգծել է նա, դրանք բոլորն էլ շարունակում են գոյություն ունենալ և զարգանալ, և դրանցից ոչ մեկը չի վերացել։









