Foto

«3+3» ձևաչափը պետք է հավասար իրավունքներով վեցակողմ համագործակցություն դառնա․ Իլհամ Ալիև

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը պետք է զարգանա որպես իրավահավասար վեցկողմ փոխգործակցության լիարժեք մեխանիզմ և չվերածվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր անալոգի։ Այս մասին, Շուշիում ընթացող «Մեդիայի առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերածնունդ» խորագրով Շուշիի IV գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես հաղորդում է «Report»-ը, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն այս ձևաչափն առաջարկել է որպես հետհակամարտային համագործակցության գործիք՝ ուղղված լիակատար կարգավորմանն ու երկրի ինքնիշխանության վերականգնմանը։

«Այն պահին, երբ մենք հանդես եկանք այդ նախաձեռնությամբ, Ղարաբաղի մի մասը դեռ գտնվում էր օկուպացիայի տակ», — ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ իրադարձությունների հետագա զարգացումը, ինչպես նաև Հարավային Կովկասի երկրների և արտաքին պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների համակարգում տեղի ունեցած փոփոխություններն ազդել են այդ ձևաչափի նկատմամբ Ադրբեջանի մոտեցման վրա։

«Այսօր՝ ներկա փուլում, կարևոր է, որ դա լինի լիարժեք վեցկողմ համագործակցություն։ Քանի դեռ Վրաստանը չի միացել, այն առնվազն հնգակողմ է, բայց շատ հստակ օրակարգով։ Կարևոր է, որ այս մեխանիզմը չվերածվի հերթական Մինսկի խմբի, որը կզբաղվեր բացառապես ադրբեջանա-հայկական հիմնախնդիրներով», — նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն ընդգծել է, որ ձևաչափը պետք է ընդգրկի տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ և իրավահավասարության սկզբունքներով ներառի Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։

«Եթե համանման մոտեցում որդեգրվի նաև մյուս մայրաքաղաքներում, ապա կարծում եմ, որ հնգակողմ հանդիպման անցկացումը՝ առնվազն արտաքին գործերի նախարարների մակարդակով, պահանջված կլինի», — հավելել է Իլհամ Ալիևը։