Օրերս «Regnum» լրատվական գործկալությունը ներկայացրել էր մի վերլուծություն, ըստ որի հայ-իրանական հարաբերություններին զուգահեռ արագ տեմպերով զարգանում են հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև՝ այն էլ տարբեր ոլորտներում: Այս առիթով Vesti.am–ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
-Պարո՛ն Ոսկանյան, ի՞նչ մակարդակի վրա են հայ-իրանական հարաբերությունները:
-Հայ-իրանական հարաբերությունների սառեցման մասին խոսակցությունները չափազանցություններ են: Այդ հարաբերությունները զարգանում են ակտիվորեն բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային… Մասնավորապես, դրանց ամենաբարձր մակարդակի վստահության մասին են խոսում բոլորովին վերջերս վիզային ռեժիմի չեղարկումը, բազմաթիվ ծրագրերի իրագործումը, թե՛ մեր, և թե՛ Իրանի համար կենսական նշանակություն ունեցող Մեղրու տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի մշակումը, որը դրական արձագանք է ստանում թե՛ հայկական, թե՛ իրանական կողմում, ինչու չէ նաև ԵԱՏՄ-ի համատեքստում: Պետք է փաստել, որ այդ գոտին ոչ միայն երկու երկրների, այլև ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների խնդիր է: Հայաստան-Իրան համագործակցությունը մինչև 2019 թվական եռակի կաճի:
Երկու երկրները կառուցում են երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը: Հայաստանը հանդիսանալու է իրանական գազի վաճառողը, որի մասին է խոսում վերջերս ստեղծված պետական կազմակերպությունը:
-Հարևան Ադրբեջանի հարաբերությունները կարո՞ղ են խանգարել հայ-իրանական համագործակցությանը։
-Իրանը որպես տարածաշրջանային գերտերություն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում նաև Ադրբեջանի հետ: Բայց պետք է հստակորեն արձանագրել մի հանգամանք. իրանական քաղաքականությունը տարածաշրջանում երբեք միտված չէ Հայաստանին մեկուսնացնելու, ավելի բարդ կացության մեջ դնելու: Այս առումով ակնհայտ է, որ իրանցիները կողմ են արցախյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ստատուս քվոյի պահպանմանը: Բնական է, նախևառաջ դա բխում է հենց իրենց շահերից:
Vesti.am









