Սեպտեմբերի 10-ին Ադիս Աբեբայում կայացած բարձր մակարդակի ճեպազրույցի ընթացքում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ՀՀ գալիք նախագահության կողմից ներկայացվել է նախագահության առաջնահերթությունները և համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Եթովպիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Աֆրիկայի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (UNECA) հետ համագործակցությամբ կազմակերպված ճեպազրույցին մասնակցել են աֆրիկյան երկրների, ՄԱԿ-ի համակարգի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել UNECA-ի գործադիր քարտուղար Կլավեր Գատետեն։
COP17-ի ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը ներկայացրել է նախագահության տեսլականն ու առաջնահերթությունները։ Նա ընդգծել է Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ աֆրիկյան գործընկերների մոտեցումներն ու փորձը կարևոր նշանակություն ունեն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման համար։ Դեսպան Մարգարյանն ընդգծել է ՀՀ նախագահության հանձնառությունը՝ ապահովելու ներառական, թափանցիկ և գործողությունների միտված գործընթաց, ինչպես նաև կողմերի և այլ շահագրգիռ դերակատարների բովանդակային և արդյունավետ ներգրավվածությունը COP17-ի նախապատրաստման և անցկացման բոլոր փուլերում։
Ներկայացվել են նաև COP17-ի բովանդակային և կազմակերպչական նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ իրականացվող աշխատանքը։
Ճեպազրույցի շրջանակներում ելույթներով հանդես են եկել նաև UNECA-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ներկայացուցիչները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մասնակիցների հետ, այդ թվում՝ COP17-ին ընդառաջ աֆրիկյան գործընկերների ակնկալիքների շուրջ։









