Ուկրաինայի գյուղատնտեսները հաջորդ տարի կարող են բախվել զանգվածային սնանկացումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Համաուկրաինական ագրարային խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Մարչուկը՝ հայտնում է УНИАН-ը։
Նրա խոսքով՝ ֆինանսական դժվարություններն առաջին հերթին կսպառնան փոքր բիզնեսին։
«Փաստացի մենք կհայտնվենք այն իրավիճակում, երբ փոքր բիզնեսը դեֆոլտի կենթարկվի»,- զգուշացրել է մասնագետը։
Մարչուկի խոսքով՝ ուկրաինացի ֆերմերների մի մասը կփորձի միավորվել կոոպերատիվներում, մյուսները կզբաղվեն արտադրանքի վերավաճառքով։ Սակայն դրա համար անհրաժեշտ են իրացման շուկաներ, որոնք, ըստ նրա, գրեթե բացակայում են։
Մասնագետը նշել է, որ նման կանխատեսման է հանգել՝ հաշվի առնելով, որ ֆերմերները որոշել են ցանել աշնանացան մշակաբույսեր՝ չնայած պահեստների գերբեռնվածությանը։ Նրա խոսքով՝ փաստացի նրանք գնացել են ռիսկի՝ հույս ունենալով, որ իրավիճակը կփոխվի։
Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը մերժել էր Կիևի՝ գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար լրացուցիչ 220 միլիոն եվրո հատկացնելու խնդրանքը։ Ուկրաինայի ագրարային քաղաքականության և սննդի նախարար Տարաս Վիսոցկին հայտնել էր, որ երկիրը, այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի արտոնյալ վարկի շրջանակներում կստանա 250 միլիոն դոլար։
Ակնկալվում է, որ այդ միջոցները ֆերմերներին կօգնեն դիմանալ մինչև 2027 թվականի սկիզբը, սակայն ոլորտի հետագա ֆինանսական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։









