Կառավարությունը տեղեկացրել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության կարողությունների հետագա զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքները, օպերատիվ կառավարումը և միջազգային փորձի կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին։
Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ այս քննարկումների հիմքում շատ ավելի մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը։
Հատկանշական է, որ հենց երեկ՝ նոյեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է ռուս սահմանապահների ներկայության հարցին։
Նա հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամբողջությամբ ստանձնի իր պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին տարիներ շարունակ սահմաններին ծառայելու համար։
Դեռևս նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտարարել էր, որ քայլ առ քայլ Հայաստանի պետական սահմանի ամբողջական վերահսկողությունը կփոխանցվի ՀՀ սահմանապահ ծառայությանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը ենթադրում է նաև սահմանապահ զորքերի կարգավիճակի վերափոխում։
Այս պահին հայկական սահմանապահներն արդեն ամբողջությամբ վերահսկում են սահմանային անցակետերը, իսկ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների որոշ հատվածներում շարունակում են համատեղ ծառայություն իրականացնել ռուս սահմանապահների հետ։ 2025 թվականի հունվարի 1-ից հայ սահմանապահները մասնակցում են այդ հատվածների պահպանությանը, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում 2024 թվականի օգոստոսից ծառայությունն իրականացնում են բացառապես հայկական ուժերը։
«Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է նաև կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը և սահմանների համալիր կառավարման վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը։
Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ ընդլայնել հայկական սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիները՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ստանձնել սահմանի պահպանությունը։
Ավելին՝ նախատեսվում է փոխակերպել Սահմանապահ ծառայությունը՝ նվազեցնելով դրա ռազմական բաղադրիչը և ներդնելով միջազգային լավագույն փորձը։
Սա նշանակում է, որ քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ոչ միայն ծառայության ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը, այլև դրա գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։
Մյուս կարևոր ուղղությունը սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրումն է։ Դրա շրջանակում պետք է զարգացվի պետական տարբեր կառույցների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, ռիսկերի գնահատման և սահմանային վերահսկողության մեխանիզմները։
ԱԱԾ-ն այս ուղղությամբ արդեն աշխատանքներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, 2026 թվականի սեպտեմբերին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ ծանոթանալու այդ երկրի սահմանային վերահսկողության համակարգին, սահմանապահների պատրաստման մեթոդներին և գործառնական ընթացակարգերին։ Քննարկվել է նաև սահմանապահների ուսուցման ու վերապատրաստման համակարգի կատարելագործումը։
Սահմանային բարեփոխումների մեկ այլ կարևոր հանգամանք Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն է։
Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի համակարգը, իսկ առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև էլեկտրոնային անցակետեր՝ սկզբում «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև՝ բոլոր սահմանային անցակետերում։
Այս ամենը փոխկապակցված է։ Սահմանների կառավարման արդիականացումը, սահմանապահների մասնագիտական պատրաստվածությունը, թվայնացումը և պետական կառույցների միջև տեղեկատվության փոխանակումը դիտարկվում են որպես եվրոպական չափանիշներին համապատասխանելու կարևոր պայմաններ։
Այսպիսով, Փաշինյանի հրավիրած խորհրդակցությունը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ իշխանությունը հրապարակայնորեն հայտարարում է պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական կողմին փոխանցելու մտադրության մասին, իսկ կառավարական ծրագրերում արդեն ամրագրված են սահմանապահ համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները»։









