Anthropic ընկերության հետազոտող Լևենտ Ալպոգեն հայտարարել է, որ Claude ԱԲ չաթ-բոտի հետ համատեղ կարողացել է ապացուցել Ռիմանի ընդհանրացված վարկածը։ Դա մաթեմատիկայի ամենաբարդ չլուծված խնդիրներից է, որի վրա գիտնականներն աշխատում են ավելի քան 150 տարի։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։
Ռիմանի վարկածը վերաբերում է պարզ թվերի բաշխման օրինաչափություններին։ Այն ընդգրկված է հազարամյակի յոթ խնդիրների ցանկում, որոնցից յուրաքանչյուրի լուծման համար Քլեյի մաթեմատիկական ինստիտուտը 2000 թվականին 1 մլն դոլար մրցանակ է սահմանել։
Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդից մաթեմատիկոս Ալպոգեն պատմել է, որ այս խնդիրը լուծելու մասին երազել է դեռ ուսանողական տարիներին և տարիներ շարունակ ուսումնասիրել է մեթոդներ, որոնք կարող էին օգնել ապացույցը գտնելու հարցում։ Նրա խոսքով՝ վճռորոշ բեկումը տեղի է ունեցել, երբ ինքն ու Claude-ը միավորել են մաթեմատիկական երկու տարբեր մոտեցումներ։
«Ես կարծում եմ, որ Claude-ի հետ միասին գտել եմ Ռիմանի վարկածի ապացույցը»,- իր աշխատանքի մասին հայտարարության մեջ գրել է հետազոտողը։
Ալպոգեի խոսքով՝ վճռորոշ պահին ԱԲ-ն զգալիորեն գերազանցել է իր հնարավորությունները։ «Վերջնագծին հասնելիս Claude-ը շատ առաջ անցավ ինձնից»,- նշել է նա։
Ռիմանի ընդհանրացված վարկածի ենթադրյալ ապացույցը հիմնված է թվերի տեսության բարդ մեթոդների, ավտոմորֆ ձևերի տեսության և մաթեմատիկական այնպիսի ձևափոխությունների վրա, որոնք հայտնի են որպես թետա-բարձրացումներ։ Ալպոգեն պնդում է, որ ապացույցն ավարտին է հասցվել երկուշաբթի օրը՝ նախորդ օրը տեղի ունեցած առանցքային բեկումներից հետո։
Աշխատանքի բարդության պատճառով հետազոտողը որոշել է այն ներկայացնել բացառապես Lean համակարգչային համակարգում, որը նախատեսված է մաթեմատիկական ապացույցների ֆորմալ ստուգման համար։ Նրա խոսքով՝ ավանդական գրավոր շարադրանք պատրաստելու փորձը հանգեցրել է ավելի քան 250 000 էջանոց տեքստի։ Ինքը՝ Ալպոգեն, խոստովանել է, որ դեռևս ամբողջությամբ չի յուրացրել փաստարկման մեջ օգտագործված ողջ մաթեմատիկական մասը։
Հայտարարությունը հնչել է Anthropic-ի և OpenAI-ի միջև սրվող մրցակցության ֆոնին. երկու ընկերություններն էլ ձգտում են ցույց տալ, որ արհեստական բանականությունն ունակ է լուծել խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ անհասանելի են մնացել մաթեմատիկոսների համար։
Սեպտեմբերին OpenAI-ը հայտնել էր, որ իր Astra մոդելը լուծել է Նավիե-Ստոքսի հավասարումների լուծումների գոյության և ողորկության խնդիրը, որը նույնպես ներառված է հազարամյակի խնդիրների ցանկում։ Սակայն այս հայտարարությունը վեճ էր առաջացրել Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Տրիստան Բաքմասթերի հետ, որը մեղադրել էր ընկերությանն իր հետազոտությունները հնարավոր օգտագործելու մեջ։ OpenAI-ը հայտարարել էր, որ խնդիրը լուծելու համար օգտատերերի տվյալները չեն օգտագործվել, սակայն խոստովանել էր, որ չի կարող բացառել ապանձնավորված տվյալների կիրառումն իր համակարգերը կատարելագործելու համար։









