Տասը տարի առաջ Հայաստանում տեխնոլոգիական ընկերություն ստեղծելու և ուժեղ տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու գաղափարը դարձավ Krisp-ի հիմնադրման մեկնակետը։ Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտն ապահովում է երկրի տնտեսության 7%-ը, ունի սեփական «միաեղջյուր» ընկերություններ, վենչուրային հիմնադրամներ և հետազոտական լաբորատորիաներ։ Այս մասին DiGiTech-2026-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Krisp ՏՏ ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Ակադեմիական միջավայրից դեպի Krisp-ի ստեղծում
Նա պատմել է, որ Krisp-ի ստեղծման գաղափարը կապված էր ավելի մեծ երազանքի՝ տեխնոլոգիական Հայաստան կառուցելու հետ։ Հենց այդ երազանքն է նրան դրդել թողնել ակադեմիական միջավայրն ու անցնել արդյունաբերություն, իսկ ընկերության մյուս համահիմնադրին՝ Սիլիկոնյան հովտից վերադառնալ Հայաստան՝ միասին ընկերություն հիմնելու համար։
«Ընկերության ստեղծման ընթացքում առաջատար համալսարաններից բազմաթիվ հետազոտողներ էին գալիս Հայաստան։ Երբ մեր շուրջը նայեցինք, տեսանք բազմաթիվ մարդկանց՝ ընկերությունների հիմնադիրների, ներդրողների, ինժեներների, հետազոտողների, ուսանողների և դասախոսների, որոնք նույնպես ցանկանում էին Հայաստանի համար մեծ ապագա կերտել։ Նրանցից շատերն այսօր այս դահլիճում են», — նշել է Մինասյանը։
ՏՏ ոլորտն ապահովում է Հայաստանի տնտեսության 7%-ը
Նրա խոսքով՝ անցած տասը տարիների ընթացքում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը նշանակալի ճանապարհ է անցել։ Այսօր դրան բաժին է ընկնում երկրի տնտեսության մոտ 7%-ը։ Հայաստանում ձևավորվել է սեփական տեխնոլոգիական էկոհամակարգ՝ «միաեղջյուր» ընկերություններով, վենչուրային հիմնադրամներով և հետազոտական լաբորատորիաներով։
Այս տարվա ևս մեկ կարևոր ձեռքբերում Մինասյանը համարել է Հայաստանում AI Factory-ի՝ արհեստական բանականության համար նախատեսված ենթակառուցվածքի ստեղծումը, որն ունի 70 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU)։ Նա հավելել է, որ դրանց թիվը շարունակում է աճել, թեև ելույթի պահին չի կարողացել հստակ թիվ նշել։
Հայաստանի գլխավոր ռեսուրսը տաղանդավոր մարդիկ են
Դիմելով միջոցառման արտասահմանյան հյուրերին՝ Մինասյանը ողջունել է նրանց Հայաստանում և ընդգծել, որ չնայած փոքր տարածքին, նավթի, գազի և դեպի ծով ելքի բացակայությանը՝ երկիրն ունի գլխավոր ռեսուրսը՝ տաղանդավոր ու հավակնոտ մարդիկ։
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, հավակնություններ ունեցող մարդիկ, որոնք ցանկանում են գտնել ամենաբարդ խնդիրները, աշխատել դրանց լուծման ուղղությամբ, արժեք ստեղծել Հայաստանի և ողջ մարդկության համար», — հայտարարել է նա։
Ելույթի ավարտին Մինասյանը կոչ է արել հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին տասը տարում ձեռք բերված արդյունքները դիտարկել ոչ միայն որպես տոնելու առիթ, այլև ոլորտի հետագա զարգացման մասին խորհելու հնարավորություն։
Նրա խոսքով՝ առջևում ևս տասը տարվա աշխատանք է, նոր կարևոր հանգրվաններ և ավելի բարեկեցիկ Հայաստան կառուցելու հեռանկար։









