Foto

Տնային բժշկական թեստերը հաճախ անհիմն եզրակացությունների են հանգեցնում. հետազոտություն

Համացանցում հեշտությամբ կարելի է գտնել տասնյակ հիվանդություններ հայտնաբերելու թեստեր, սակայն, ինչպես ցույց է տվել նոր վերլուծությունը, դրանցից շատերն ուղեկցվում են անհիմն և հնարավոր վնաս պարունակող պնդումներով։

Մեծ Բրիտանիայի գիտնականները վերլուծել են առցանց գովազդվող 50 բժշկական թեստ ու հետազոտություն, դրանց թվում՝ աղիքային միկրոբիոմի հետազոտություններ, արյան ընդհանուր քննություններ, գենետիկական թեստեր, լյարդի և թոքերի գործառույթի ու կորտիզոլի մակարդակի ստուգումներ, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների և կաթնագեղձերի զննումներ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություններ և ուլտրաձայնային հետազոտություններ։

Գովազդատուների թվում եղել են ինչպես առցանց խանութներ, այնպես էլ առկա ընդունելություն իրականացնող կլինիկաներ։ Գները տատանվել են 6,99 ֆունտ ստեռլինգից (8,36 եվրո)՝ տնային պայմաններում կատարվող «մեզում ալբումինի որոշման արագ թեստի» համար, մինչև 14 հազար ֆունտ ստեռլինգ (16 հազար 751 եվրո)՝ «պլատինե հետազոտությունների փաթեթի» համար, որը ներառել է մի քանի թեստ, պատկերային հետազոտություններ և ֆիզիկական զննում։ Որոշ կլինիկաներ լրացուցիչ առաջարկել են կացություն շքեղ հյուրանոցում կամ սպա-ծառայությունների փաթեթ, իսկ այլ թեստեր գովազդել են հայտնիներն ու ինֆլուենսերները։

Սակայն, ըստ BMJ Open հանդեսում հրապարակված հետազոտության, այդ թեստերից շատերն ուղեկցվել են չհիմնավորված պնդումներով կամ առաջարկել են սքրինինգ, որն առողջապահության ազգային մարմինները խորհուրդ չեն տալիս։

Տասնվեց թեստերի դեպքում, առանց որևէ ապացույցի, պնդվել է, թե դրանք օգնում են մարդկանց ավելի երկար ապրել, 36-ն էլ խոստացել են ավելի վաղ ախտորոշում և առողջության ավելի լավ ցուցանիշներ, հաղորդում է Euronews-ը։ Միայն 15 թեստերի դեպքում են բացատրվել հետազոտության հնարավոր բացասական կողմերը, օրինակ՝ անճշտությունը կամ ինտիմ հատվածների ֆիզիկական զննմանն առնչվող ռիսկերը։

Մի դեպքում վաճառողը ներկայացրել է որոշակի հիվանդությունից մահացության ցուցանիշները և նշել, որ այդ հիվանդությունը «հնարավոր էր հայտնաբերել մեր ... բժշկական հետազոտություններից մեկի միջոցով։ Միայն մտածեք, թե քանի մարդ կարող էր այսօր էլ մեզ հետ լինել»։

Հետազոտության մեջ դիտարկված 50 ծառայություն մատուցողներից 14-ն առաջարկել են ամորձիների զննում, 13-ը՝ կաթնագեղձերի հետազոտություն, իսկ ինը՝ փոքր կոնքի օրգանների զննում՝ տագնապալի ախտանշաններ չունեցող մարդկանց համար։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ չի տալիս նման հետազոտություններ կատարել բոլորին։

Սպառողներին ուղղակիորեն առաջարկվող բժշկական թեստերը շատ հեշտ հասանելի են և գրեթե չեն կարգավորվում՝ «չնայած դրանց հնարավոր վնասակարությանը», գրել են Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի հետազոտողները։

Նրանք նշում են, որ տնային բժշկական թեստերը կարող են օգնել լրացնել առողջապահական համակարգի բացերը, սակայն միայն այն դեպքում, երբ հիմնված են ապացույցների վրա։ Նրանք նախազգուշացրել են, որ անորակ սքրինինգը կարող է հանգեցնել «կեղծ դրական արդյունքների (կեղծ տագնապի), կեղծ բացասական արդյունքների (անհիմն հանգստության) և անձնական ռեսուրսների կորստի՝ մարդու համար նվազագույն կամ զրոյական օգուտի պայմաններում»։

Տնային բժշկական թեստերը հեշտ է գտնել համացանցում։ Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի Գովազդային ստանդարտների մարմինը (ASA) հաստատել է Voy ընկերության՝ տնային պայմաններում տեստոստերոնի մակարդակը որոշելու համար նախատեսված արյան հետազոտության գովազդի արգելքը։ Voy-ն առցանց ծառայություններ մատուցող ընկերություն է, որն առաջարկում է տեստոստերոնով բուժում, ինչպես նաև դաշտանադադարի ժամանակ և քաշի նվազեցման համար նախատեսված բուժումներ։

Կարգավորող մարմինը հայտարարել է, որ Voy-ի գովազդը «մոլորեցնող» է եղել, քանի որ տարածված ախտանշանները, օրինակ՝ հոգնածությունն ու դյուրագրգռությունը, կապել է տեստոստերոնի ցածր մակարդակի հետ՝ տղամարդկանց դրդելով գնել թեստավորման հավաքածուն։

ASA-ի տվյալներով՝ Voy ընկերությունը պնդել է, որ գովազդում չի ասվել, թե տեստոստերոնի ցածր մակարդակն այդ ախտանշանների միակ բացատրությունն է։ Սակայն կարգավորող մարմինն, այնուամենայնիվ, ընկերության դեմ որոշում է ընդունել և Voy-ին պարտավորեցրել այդ կապը «չափազանցված չներկայացնել» ։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարգավորող մարմիններին հասնում է նման դեպքերի միայն փոքր մասը։ «Դա պետք է դիտարկել որպես կարգավորման բաց և բուժառուների անվտանգության խնդիր», հայտարարել են հետազոտողները։