Թբիլիսիում փրկարարները հինգհարկանի շենքի փլատակներից, որտեղ նոյեմբերի 19-ի առավոտյան գազի պայթյուն էր տեղի ունեցել, դուրս են բերել երեք զոհի՝ երկու կնոջ և մեկ երեխայի մարմինները, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է․ փլատակների տակ հնարավոր է ևս երեք մարդ մնացած լինել, նրանց թվում՝ առնվազն մեկ անչափահաս։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին լրագրողներին հայտնել է, որ աշխատանքները մշտապես ընթանում են, սակայն դրանք բարդանում են փլատակների վիճակի և կրկնակի փլուզման վտանգի պատճառով։
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են մշտական ռեժիմով։ Իրավիճակը բարդացնում է այն, որ փլատակները բաղկացած են շատ մանր բեկորներից։ Բացի դրանից, պահպանվում է կրկնակի փլուզման վտանգը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ փրկարարներին հաջողվել էր ողջ հայտնաբերել երեքամյա մի աղջկա, որն ավելի քան ութ ժամ անցկացրել էր փլատակների տակ։ Երեխան գիտակից էր, տեսանելի վնասվածքներ չուներ։
Հիվանդանոցներում մնում է ևս չորս տուժած, որոնց առավոտյան դուրս էին բերել շենքից։ Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ Հիվանդներից մեկը 11-ամյա տղա է, որի վիճակը գնահատվում է ծանր․ նա հոսպիտալացվել է Ինգորոկվայի կլինիկա։ Մյուսը 31-ամյա տղամարդ է՝ մարմնի մակերեսի ավելի քան 80 տոկոսի այրվածքներով, որին տեղափոխել են Խեչինաշվիլիի կենտրոն։
Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 09:00-ի սահմաններում՝ Քվեմո Փոնիճալա բնակավայրի հինգհարկանի շենքում։ Հարվածային ալիքը վնասել է միջհարկային ծածկերն ու տանիքը, ինչպես նաև ավերել մի քանի աստիճանահարթակ։
Նախնական վարկածով՝ պատահարի պատճառ է դարձել հինգերորդ հարկի բնակարաններից մեկում գտնվող ջեռուցիչից կենցաղային գազի արտահոսքը։ Ենթադրվում է, որ բնակարանի սեփականատերը նախորդ օրը երկարատև բացակայությունից հետո տուն էր վերադարձել։
Դատախազությունը քրեական գործ է հարուցել անվտանգության կանոնների խախտման հոդվածով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով։
Թբիլիսիի քաղաքապետարանի և Սամխարաուլիի անվան բյուրոյի համատեղ անցկացրած փորձաքննությամբ շենքի երկու մուտքերի բնակարանները ճանաչվել են բնակության համար ոչ պիտանի։ Նախատեսվում է 28 ընտանիքի՝ շուրջ 143 մարդու, ժամանակավորապես վերաբնակեցնել հյուրանոցներում։









