ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունների մասնակից Ջարեդ Քուշները 32 միլիոն դոլար է ներդրել ամերիկյան Arxis պաշտպանական ընկերության մեջ, գրում է The Atlantic-ը։
Ներդրումն արվել է Թրամփի վերընտրվելուց և Քուշների՝ որպես ոչ պաշտոնական միջնորդ աշխատանքի վերադառնալուց հետո, սակայն դրա մասին տեղեկությունը հրապարակվել է միայն նոյեմբերի 5-ին՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից երկու օր անց։
Ինչպես երևում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված և նախկինում լրատվամիջոցների ուշադրությունը չգրաված փաստաթղթից, Քուշների Affinity Partners ներդրումային ընկերությունը ձեռք է բերել Կոնեկտիկուտ նահանգում տեղակայված Arxis ընկերության 689 հազար 411 բաժնետոմս։
Arxis-ն արտադրում է առանցքային նշանակություն ունեցող բաղադրիչներ F-35 կործանիչների, ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրների, ատոմային սուզանավերի և հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։ Այդ տեխնիկայի զգալի մասն օգտագործվում է Մերձավոր Արևելքում և ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում՝ տարածաշրջաններում, որտեղ Քուշները հանդես է գալիս որպես առանցքային բանակցողներից մեկը։
Arxis-ում ներդրման մասին հայտնի է դարձել Քուշների գործունեության մեջ շահերի հնարավոր բախման շուրջ վեճերի հետնապատկերին։ Հոկտեմբերի 1-ին CNN-ը հետաքննություն էր հրապարակել, որում նշվում էր, թե նրա ֆինանսական շահերը կապված են Գազայի հատվածում պատերազմից օգուտ ստացող ընկերությունների հետ, թեև նա ինքն էլ մասնակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Թրամփի վարչակազմի ջանքերին։
Ըստ հետաքննության՝ Affinity Partners-ը իսրայելական Phoenix Financial ընկերության խոշորագույն բաժնետերն էր։ CNN-ի լրագրողները պարզել էին, որ Phoenix-ը հարյուրավոր միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ բաժնեմասեր ուներ իսրայելական ինը պաշտպանական ընկերություններում։ Անցյալ տարի բոլոր ինը ընկերությունների բաժնետոմսերը թանկացել էին, իսկ դրանցից շատերն իրենց արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճը կապում էին Գազայի պատերազմի հետ։
Քուշները կտրականապես հերքել է շահերի բախման մեղադրանքները։ Համացանցում մի շարք հրապարակումներով նա հայտարարել է, որ Affinity Partners-ը Phoenix-ում 129 միլիոն դոլարի ներդրումն արել է 2024 թվականի հուլիսին՝ Թրամփի վերընտրվելուց չորս ամիս առաջ և նախագահի խնդրանքով որպես խաղաղության հարցերով կամավոր բանագնաց իր աշխատանքին վերադառնալուց մոտ կես տարի առաջ։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Phoenix-ի ներդրումային որոշումները չի վերահսկում և պաշտպանական ոլորտի կապալառուների բաժնետոմսերի անմիջականորեն չի տիրապետում։ Քուշներն իսրայելական ընկերությունը համեմատել է ամերիկյան Vanguard և Fidelity ներդրումների կառավարման ընկերությունների հետ, որոնք տնօրինում են ակտիվների լայն պորտֆել։
«Մոլորեցնող հրապարակումներն ինձ չեն շեղի այն աշխատանքից, որը նախագահ Թրամփը հանձնարարել է ինձ կատարել՝ օգնել դադարեցնել պատերազմները, միավորել մարդկանց և հասնել խաղաղության»,- X սոցիալական ցանցում գրել է Քուշները։
Սակայն իր հրապարակումներում նա չի հիշատակել Arxis-ում Affinity Partners-ի ներդրումների մասին։ Ըստ փաստաթղթերի՝ այդ բաժնեմասի մասին տեղեկությունը բացահայտվել է միայն նոյեմբերի 5-ին, երբ ընկերությունն ուշացումով թարմացրել է SEC-ին ներկայացվող հաշվետվությունները։









