Foto

«Հրապարակ». Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ներկայում ԱԽՔ Ալեն Սիմոնյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում նախկին աշխատավայրից․ նորում նա, կարելի է ասել, պարապուրդի է մատնված և օնլայն ռեժիմով հետևում է նախկին աշխատավայրի գործունեությանը։ 

Երեկ՝ այն պահին, երբ խորհրդարանում իրավիճակը լարվեց` Ռուբեն Ռուբինյանի շնորհիվ, և «Ուժեղ Հայաստանը» լքեց նիստերի դահլիճը, Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում «թեմայի մեջ» արագ գրառում արեց։ Իսկ խորհրդարանում իրավիճակը լարվեց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ։ ԱԺ ամբիոնից նա Գարեգին Երկրորդի ավազանի անունը մի քանի անգամ կրկնեց` քաջ իմանալով, որ ընդդիմությունը դրան արձագանքելու է սեղաններին հարվածելով և դահլիճը լքելով։ 

Նրան սաստելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանն էլ միացավ՝ փաշինյանական հայտնի արտահայտությունները կրկնելով և մի շնչով մանտրա դարձած տեքստն արտասանելով` Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ-ի գործակալի եղբայր, կուսակրոնության խախտում, կոռուպցիոներների պաշտպան, քրիստոնեական բոլոր արժեքները պղծած, ընտրակեղծիքների աջակից... պետք է հեռանա և այլն: 

Իսկ վայրկյաններ անց Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում ինքն իրեն ցիտեց․ «Կտրիճ Ներսիսյանն ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է: Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն Սիմոնյան»: Պարզ է, որ տիկնիկավարը կառավարության շենքից sms-ներով հրահանգներ է իջեցնում։ Նպատակը պարզ է` ընդդիմությանը խանգարել, Արսեն Գևորգյանի մահվան թեման լռեցնել»։