ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է միլիոնավոր դոլարներ ծախսել Սպիտակ տան տարածքի վերակառուցման և Վաշինգտոնի բարեկարգման վրա՝ չնայած միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությանը և իր շինարարական նախագծերից ամերիկացիների դժգոհությանը, գրում է The Washington Post-ը։
Ըստ Reuters/Ipsos-ի հարցման՝ հարցվածների մոտ երկու երրորդը դեմ է, որ նախագահն իր ժամանակը նվիրի մայրաքաղաքի նորոգմանը։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Սպիտակ տան տարածքում արդեն սկսվել են Արևմտյան թևից դուրս հետիոտնային արահետի կառուցման աշխատանքները։ Այն Վարդերի այգու միջով պետք է տանի դեպի համալիրի հարավային հատված։

Բացի դրանից, վարչակազմը մտադիր է 3 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան դիմաց գտնվող հանրային զբոսայգու՝ Լաֆայետ հրապարակի աղյուսե սալահատակի վերանորոգման վրա։ Ըստ պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ միջոցները կհատկացնի Ազգային պարկերի ծառայությունը։ Տարվա մեծ մասը զբոսայգին փակ է եղել։ Իշխանությունները վերանորոգումը բացատրում են տարածքն ավելի անվտանգ ու գրավիչ դարձնելու անհրաժեշտությամբ, այդ թվում՝ մտավախությամբ, որ բողոքի ակցիաների մասնակիցները կարող են պոկված աղյուսներն օգտագործել որպես նետելու առարկաներ։

Այս աշխատանքները Թրամփի առաջ մղած՝ մայրաքաղաքի նորոգման լայնածավալ ծրագրի շարունակությունն են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կարգադրել էր քանդել Սպիտակ տան պատմական Արևելյան թևը՝ նոր պարահանդեսային սրահի համար տարածք ազատելու նպատակով։ Դրա արժեքը կարող է հասնել 600 միլիոն դոլարի։ Թրամփը նաև ձգտում է հասնել Արլինգթոնի ազգային գերեզմանատան մերձակայքում մոտ 76 մետր բարձրությամբ հաղթական կամարի կառուցմանը։
ԱՄՆ նախագահի ծրագրերում են նաև հանրային գոլֆի դաշտի վերակառուցումն ու Լինքոլնի հուշահամալիրի մոտ գտնվող հուշային անդրադարձնող ավազանի վերանորոգումը։ Վերջին նախագծին արդեն ուղղվել է ավելի քան 16 միլիոն դոլար։
ԱՄՆ ներքին գործերի նախարարությունում, որի ենթակայության տակ է Ազգային պարկերի ծառայությունը, հայտարարել են, որ Թրամփն օգտագործում է շինարարության ոլորտում իր փորձը՝ Սպիտակ տունն ու հարակից տարածքները կարգի բերելու և նախագահների ապագա սերունդների համար պահպանելու նպատակով։ Գերատեսչությունում ընդգծել են, որ նախագահն արժանի է երախտագիտության՝ մայրաքաղաքի տեսքը բարելավելու համար։
Երկուշաբթի Սպիտակ տունը նաև հրապարակել է Վաշինգտոնի քարտեզը՝ այն արձանների, հուշարձանների և հուշահամալիրների ցանկով, որոնք, վարչակազմի պնդմամբ, վերանորոգվել կամ մաքրվել են Թրամփի օրոք։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկար տարիների անխնամ վիճակից հետո հուշարձաններն ավելի լավ տեսք ունեն, քան երբևէ։
Սակայն ԱՄՆ նախագահը շարունակում է քննադատության արժանանալ այն բանի համար, որ պետական այլ խնդիրների պայմաններում մեծ ուշադրություն է դարձնում շինարարական նախագծերին։ Մասնավորապես, օդային երթևեկության կառավարման համակարգի լուրջ խափանումից հետո վարչակազմը Կոնգրեսից պահանջել է միլիարդավոր դոլարներ հատկացնել հնացած ենթակառուցվածքների արդիականացմանը։
Երկուշաբթի NBC News-ի լրագրող Յամիչե Օլսինդորը Թրամփին հարցրել է, թե ինչու է վարչակազմը տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում շինարարական նախագծերի վրա՝ միաժամանակ խոշոր ֆինանսավորում պահանջելով օդային երթևեկության կառավարման համակարգի արդիականացման համար։
«Դուք պարզապես ողորմելի եք։ Ես պարտավոր եմ հետևել, որ մեր երկրի խորհրդանիշը պատշաճ վիճակում լինի»,- պատասխանել է նախագահը։ Ըստ նրա՝ աշխատանքներն իրենից օրական ընդամենը տասը րոպե են խլում, գրեթե ոչինչ չեն արժենում և ֆինանսավորվում են իր գրպանից։
«Դուք չգիտեք, թե ինչ է վնասված սյունը»,- հավելել է Թրամփը՝ լրագրողներին մեղադրելով Սպիտակ տան նկատմամբ իր ուշադրությունն անարդարացիորեն քննադատելու մեջ։
Միջանկյալ ընտրություններում դեմոկրատների համոզիչ հաղթանակի հաջորդ օրը Թրամփը մամուլի ասուլիս է անցկացրել Սպիտակ տան ապագա պարահանդեսային սրահի շինհրապարակում։ Ելույթի առաջին 20 րոպեների ընթացքում նա չի հիշատակել հանրապետականների պարտությունը։









