Foto

Խաչը մեզ սովորեցնում է՝ մեծ է ոչ թե նա, ով իրենից վեր ոչ ոքի չի տեսնում, այլ նա, ով իր խոնարհությամբ կարողանում է բարձրացնել ուրիշներին. Ռուբեն Սրբազան

Աստծո ընտանիքի, երկնքի արքայության մեջ, Եկեղեցու կյանքում մեծությունը չափվում է անմեղությամբ, Աստծուց ամբողջական կախվածությամբ և մշտական աշակերտությամբ, այլ ձևակերպմամբ՝ Աստծու առաջ խոնարհ սրտով և մարդկանց հանդեպ սիրով, Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում խոսված քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

««Դի՛ք դուք յականջս ձեր զբանս զայսոսիկ, զի Որդի մարդոյ մատնելոց է ի ձեռս մարդկան»։

«Ձեր ականջների մեջ դուք պահե՛ք այս խոսքերը, որ Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը»

(Ղուկ. Թ 44)։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Աշխարհի Փրկչի մատնության կանխասացությունը հնչում է մի վճռորոշ հանգրվանին, երբ Հիսուս, հայացքն ուղղած Երուսաղեմին, պատրաստվում էր անցնելու խաչի ճանապարհով։ Մինչ այդ աշակերտները տեսել էին Նրա աստվածային զորության բազում վկայությունները․ տեսել էին, թե ինչպես է բժշկում հիվանդներին, ազատում դիվահարներին, հարություն տալիս մեռյալներին, խաղաղեցնում ծովի ալիքները, բազմացնում հացը։ Թաբոր լեռան վրա տեսել էին նաև նրա փառքի աստվածային փայլատակումը։

Նրանք համոզվել էին, որ հիվանդությունը, բնության տարերքը և անգամ մահը հնազանդվում են իրենց Վարդապետին։ Եվ ահա այս ամենից հետո Հիսուս ասում է, որ ինքն է մատնվելու մարդկանց ձեռքը։ Որքան դժվար էր հասկանալ այս խոսքը․ ինչպե՞ս կարող է նա, որի առջև խոնարհվում են բնության ուժերն ու մահը, ինքն իրեն հանձնել մարդկանց ձեռքը։

Աշակերտների առաջին արձագանքը անհասկացողությունն էր, որին հաջորդում է վախի զգացումը։ Նրանց համար խաչի ճանապարհը դեռևս անհասկանալի էր, որովհետև իրենց Վարդապետի ապագան պատկերացնում էին փառքի ու իշխանության, ոչ թե խոնարհության ու զոհաբերության մեջ։ Ավելին՝ նույն ճանապարհին նրանց միջև վեճ էր ծագել, թե իրենցից ով է մեծը։ Մինչ Հիսուս խոսում էր իր մատնության և մահվան մասին, աշակերտները մտածում էին իրենց դիրքի ու առաջնության մասին։ Սա մարդկային մտածողության ցավալի հակասություններից է․ երբեմն Աստծու ճանապարհին անգամ փնտրում ենք ոչ թե ծառայելու, այլ բարձրանալու, ոչ թե զոհաբերվելու, այլ առաջնություն ձեռք բերելու հնարավորությունը։

Հիսուս պատասխանում է խորհրդանշական մի արարքով․ վերցնում է մի մանկան, կանգնեցնում նրանց մեջտեղում և ասում. «Ով որ ընդունի այս մանկանը իմ անունով, ի՛նձ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ինձ ուղարկողին, որովհետև ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը» (Ղուկ. Թ 48)։

Ինչո՞ւ հենց մանուկը։ Մարդկային փորձառությունից գիտենք, որ մանկանը բնորոշ է պարզությունն ու անմեղությունը, նրա միտքը դեռևս խաթարված չէ մեղքի հիշողությամբ, հոգին դեռևս ծակծկված չէ հանցանքի փշերով, ձեռքն ախտահարված չէ չարագործությամբ։ Մյուս առանձնահատկությունը մանկան ամբողջական կախվածությունն է։ Նրա գոյության, աճման ու զարգացման ընթացքը կախված է ծնողներից կամ խնամակալից։ Երրորդ՝ մանկական տարիքն առանձնանում է սովորելու ընթացքով․ հետևում է իր ծնողների օրինակին, աշակերտում իր ուսուցիչներին։ Մանուկը խորհրդանշում է նաև մեր մկրտության վիճակը, երբ չափահաս թե անչափահաս, մկրտությամբ հոգևոր իմաստով դառնում ենք մանուկ՝ վերադառնալով մեր անմեղությանը։ Ահա Հիսուս մանկան օրինակով ուսուցանում է, որ Աստծո ընտանիքի, երկնքի արքայության մեջ, Եկեղեցու կյանքում մեծությունը չափվում է անմեղությամբ, Աստծուց ամբողջական կախվածությամբ և մշտական աշակերտությամբ, այլ ձևակերպմամբ՝ Աստծու առաջ խոնարհ սրտով և մարդկանց հանդեպ սիրով։

Հիսուս մեծության այս ճշմարտությունը կապում է նաև փոքրի ընդունելության հետ։ Ընդունել մանուկին, անտեսվածին, խոցելիին ու կարիքավորին՝ նշանակում է ընդունել Քրիստոսին։ Իսկ այդպիսի ընդունելությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կարողանում ենք խոնարհվել, սիրել և մեր կյանքում տեղ բացել դիմացինի համար։

Աստծու խոնարհումը սիրո բարձրագույն հայտնությունն է, որ իր ամբողջ խորությամբ բացահայտվում է երեք մեծ խորհուրդներում՝ մարդեղության, խաչելության և Սուրբ Հաղորդության։ Մարդեղության խորհրդով անսահման Աստված մտնում է մարդկային սահմանների մեջ, հավիտենականը՝ ժամանակի, երկնային փառքը՝ մարդկային թշվառության մեջ։ Նա ծնվում է մսուրում՝ բաժնեկից մեր աղքատությանն ու անպաշտպանությանը։ Սակայն Աստծու սերը կանգ չի առնում Բեթղեհեմի մսուրի առջև։ Նա անցնում է մարդկային կյանքի բոլոր հանգրվաններով՝ մինչև Գողգոթա, մինչև խաչի մահը։ Մսուրն ու խաչը՝ ծնունդն ու մահը, դառնում են աստվածային սիրո նույն խոնարհության երկու մեծ վկայարանները։

Եվ որքան խոսուն են այս խորհրդի առջև խոնարհվող մարդիկ․ մոգերն ու հովիվները անօգնական Մանկան մեջ ճանաչում են Փրկչին, իսկ խաչված ավազակը մահվան դատապարտված Հիսուսի մեջ տեսնում է իր հույսն ու փրկությունը։ Այս ամենի մեջ մարդկային խոնարհության վեհագույն օրինակը մեզ տալիս է Աստվածամայրը՝ Հիսուսի ողջ կյանքի ուղեկիցը: Մարդեղության խորհրդով Աստվածածնի մեջ իրար են հանդիպում երկու խոնարհություններ` աստվածայինը և մարդկայինը՝ գծելով մեր՝ քրիստոնյաներիս խոնարհության ճանապարհը:

Տիրոջ խոնարհության ընթացքը շարունակվում է նաև այսօր, և դրա զորեղ վկայությունը Սուրբ Հաղորդության խորհուրդն է: Մեր Տերն այսօր էլ մատնվում է մեր ձեռքը, իջնում այն աստիճանի, որ երկնքից իջած կենաց հացի տեսքով հայտնվում է մեր՝ մեղավորներիս ձեռքը: Ահա աստվածային սիրո անըմբռնելի մեծությունը․ նա չի պահանջում, որ մենք նախ բարձրանանք իրեն հասնելու համար, այլ ինքն է խոնարհվում՝ մեզ իրեն մոտեցնելու համար։ Եվ երբ աստվածային այս խոնարհությանը հանդիպում է մարդկային անկեղծ խոնարհությունը, մեր կյանքը վերափոխվում է․ սովորում ենք Աստծուն դարձնել մեր գոյության կենտրոնը և մեր ուժը գտնել ոչ թե ինքնաբավության, այլ նրա հանդեպ վստահության մեջ։

Հիսուսի և աշակերտների զրույցը տեղի է ունենում ճանապարհին։ Մենք ևս ճանապարհի վրա ենք, և մեր Սուրբ Եկեղեցին այսօր արդեն մեր ականջին է հնչեցնում Տիրոջ խոսքը. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը»։ Ինչո՞ւ է այս խոսքը կրկին հնչում մեզ համար, երբ գիտենք, որ Քրիստոս խաչվեց, հարություն առավ և հաղթեց մահվանը։ Ճիշտ է՝ մենք գիտենք հարության հաղթանակի մասին, բայց հաճախ մեր կյանքով շարունակում ենք ապրել այնպես, կարծես խաչը գոյություն չունի։ Դեռևս դժվարանում ենք ընդունել խոնարհության ճանապարհը, վախենում ենք կորուստներից, ձգտում ենք առաջնության և երբեմն մերձավորին տեսնում ենք ոչ թե որպես սիրո և ծառայության պարգևի, այլ որպես մեր մեծությանն ու առաջնությանը սպառնացող մեկին։

Մեզ համար երկու ծառ գոյություն ունի՝ չարի և բարու գիտության ծառը, որի վրա գրված է մեծություն, և խաչի ծառը, որի վրա դարձյալ գրված է մեծություն: Բայց մի ծառը խորհրդանիշն է այս աշխարհի մեծության, որը քարոզում է՝ հնարավորինս ավելին, հնարավորինս առաջ, հնարավորինս վերև՝ հանուն սեփական բարեկեցության ու մեկուսի երջանկության: Մյուս ծառը, մինչդեռ, խորհրդանիշն է սիրո մեծության՝ արտահայտված խոնարհությամբ ու զոհաբերությամբ, որը դարձյալ քարոզում է հնարավորինս ավելին, հնարավորինս առաջ, հնարավորինս վերև, սակայն կարիքավորի հետ բաժնեկցության, մեր նմանին ծառայության, խոցելի մեկին զորակցության նպատակով:

Հիսուս հրաշքներով ցույց տվեց իր աստվածային զորությունը, իսկ խաչով բացահայտեց աստվածային սիրո մեծությունը։ Նա, ով կարող էր խուսափել խաչից, ընտրեց այն՝ հանուն մեր փրկության։ Ահա ճշմարիտ մեծությունը․ խաչը մեզ սովորեցնում է՝ մեծ է ոչ թե նա, ով իրենից վեր ոչ ոքի չի տեսնում, այլ նա, ով իր խոնարհությամբ կարողանում է բարձրացնել ուրիշներին։

Տիրոջ սերը, սրբարար շնորհը թող լինեն մեզ ամենքիս հետ. ամեն»,- նշել է Սրբազան Հայրը։