«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված լայնամաշտաբ պատերազմը դարձավ Արցախի և ողջ հայության դեմ տասնամյակներ շարունակ նախապատրաստված հակահայկական քաղաքականության, իսկ հետագայում՝ արցախահայության էթնիկ զտման և Արցախի լիակատար հայաթափման արյունալի մեկնարկը։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։
Մեր մտքերն ու աղոթքները նաև մեր անհայտ կորած հայրենակիցների, նրանց ընտանիքների և բոլոր այն պատանդների ու ռազմագերիների հետ են, ովքեր դեռևս գտնվում են Բաքվի բանտերում. նրանց շուտափույթ վերադարձի ապահովումը պետք է լինի մեր համազգային առաջնահերթությունը։
Արցախի կորուստը և մեր հայրենակիցների բռնի տեղահանումը սեփական հազարամյա օրրանից մեծագույն հարված էր, սակայն այն չպիտի դառնա մեր հուսահատության պատճառը։ Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն, ազգային միասնականություն և սթափություն։
Մեր հավաքական պատասխանը պատմության այս մարտահրավերին պետք է լինի հզոր, անվտանգ ու ժողովրդավարական Հայաստանի կերտումը, արցախահայության իրավունքների հետևողական պաշտպանությունը, մեր պատմամշակութային ժառանգության պահպանումը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի ապահովումը։
Փա՛ռք մեր ընկած հերոսներին։
Տոկունություն և կորով՝ մեր ժողովրդին»։