Foto

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնումը պետք է լինի խաղաղության հիմքում. Բաղունց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի ուղերձը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի տարելիցի կապակցությամբ.

Վեց տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով հակամարտության կարգավորման հիմնարար՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը և խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու միջազգային ստանձնած պարտավորությունները, լայնածավալ ու արյունահեղ պատերազմ սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ:
44 օր շարունակ համայն հայությունը միասնական ճակատով պայքարեց սեփական պատմական հայրենիքում ապրելու և արարելու անօտարելի իրավունքի երաշխավորման համար: Մեր ժողովուրդը ցուցաբերեց աննկուն կամք ու հերոսական դիմադրություն: Այսօր մեր խորին խոնարհումն ու երախտագիտությունն ենք հայտնում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների պայծառ հիշատակին: Նրանց սխրանքն ու անձնազոհությունը հավերժ դրոշմված են մեր ազգի պատմության մեջ:

2020 թվականի պատերազմն ու դրա ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության պատշաճ, սկզբունքային և իրավական համարժեք գնահատականին: Հենց այդ անպատժելիությունն ու միջազգային անտարբերությունը դարձան պարարտ հող հետագա շրջափակման, նոր ագրեսիայի և ի վերջո՝ արցախահայության ամբողջական էթնիկ զտման համար:
Արցախի ժողովրդի բռնի տեղահանմամբ ու հայրենազրկմամբ, սակայն, ադրբեջանական հանցագործությունների շղթան չընդհատվեց։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ջնջել հայկական հետքը բռնազավթված Արցախից. պետական մակարդակով ավերվում, պղծվում ու աղավաղվում է մեր բազմադարյա պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը, հողին են հավասարեցվում մեր տներն ու օջախները, պղծվում՝ գերեզմաններն ու սրբավայրերը։

Այս իրողությունների պայմաններում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումն ու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը պետք է մնան համազգային օրակարգի անսակարկելի առաջնահերթություններ։

Կրած ծանրագույն զրկանքներով հանդերձ՝ Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից։ Խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ, իսկ ուժի կիրառման ու ագրեսիայի արդյունքների լեգիտիմացումը բացարձակապես անընդունելի է։ Տարածաշրջանում արդար և տևական խաղաղություն հնարավոր է մեր ժողովրդի հիմնարար իրավունքների վերականգնման, ինչպես նաև միջազգային հուսալի երաշխիքների ներքո դեպի սեփական պատմական հայրենիք արժանապատիվ, անվտանգ ու հավաքական վերադարձի ապահովման ճանապարհով:
Հավերժ փառք մեր նահատակներին:
Ուժ և տոկունություն մեր ժողովրդին:
27 սեպտեմբերի, 2026 թ.