«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գրել է․
«Սիրելի քույրեր ու եղբայրներ,
Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։
Այդ տղաների կյանքը հնարավոր էր փրկել։ Ցավոք, որոշում ընդունողները իրենց բնույթի համաձայն մտածում էին բացառապես սեփական կաշվի մասին: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն կանգնեցնելու որոշումը կարող էր իրեն «դավաճանի» պիտակ բերել։
Սա այլևս պարզապես քաղաքական սխալի մասին չէ։ Երկրի ղեկավարը գիտակցել է սպասվող արհավիրքի ու կորուստների չափը, ունեցել է դրանք կանխելու պետական լծակներ, բայց վճռական քայլ չի կատարել՝ սեփական քաղաքական ճակատագրի հանդեպ մտավախությունից ելնելով։
Արդյունքում Արցախը հայաթափվեց, ու մի ամբողջ լուսավոր սերունդ բռնեց հավերժի ճանապարհը։
44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս։ Վեց տարի անց՝ նոր կորուստներ, նոր զիջումներ և մեր պետությանը պարտադրվող նոր՝ ապազգային օրակարգ։ Վտանգը կրկնակի է՝ հակառակորդը կանգ չի առնում, իսկ պետության կենսական շահերը անձնական շահին ստորադասողը դեռ շարունակում է որոշումներ ընդունել մեր երկրի անունից։ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների:
Եվ ուրեմն, պետք է լինել միասնական և համախմբվել՝ ընդդեմ յուրաքանչյուր քայլի, որը թուլացնում է մեր պետությունը, ոտնահարում մեր ազգային շահը կամ մեր երկիրը կարող է տանել նոր արհավիրքների։
Խունկ ու խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին։









