«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը» երեկ ներկայացրեց «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» փաստահավաք զեկույցը հունիս-հուլիսի համար։ Ավելի քան 22 էջանոց զեկույցը կազմվել է տասնյակից ավելի հանրային, հասարակական ու իրավապաշտպան գործիչների համատեղ ջանքերով և հասանելի է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում ու ոչ իշխանական լրատվամիջոցներում։
Ներկայացման ժամանակ նշվեց, որ հրավերներ էին ուղարկվել բոլոր դեսպանատներին, հատկապես՝ Արևմտյան, սակայն որևէ ներկայացուցիչ չի մասնակցել։
Իրավապաշտպան, Հայաստանի առաջին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ խախտումները ու սահմանափակումները համակարգված բնույթ ունեն։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտեց ոչ իշխանական ուժերի համախմբման անհրաժեշտությունը՝ քաղաքական հետապնդյալների իրավունքների պաշտպանության և ռեպրեսիաներին դիմագրավելու համար։









