Foto

ԵԱՏՄ-ում նախատեսվում է պարզեցնել էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասնագիտացված աշխատանքային խմբի նիստում քննարկվել են համապատասխան փոփոխությունների առաջարկները։

Առաջարկվող նորամուծությունները ներառում են երկու հիմնական ուղղություն։

Առաջինը՝ մաքսային հսկողության ավտոմատացումը։ Առաջարկվում է էքսպրես բեռների և էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրերում նշել արգելքներին և սահմանափակումներին վերաբերող կոդավորված տեղեկություններ։ Դա հնարավորություն կտա ավտոմատացնել փաստաթղթերի ստուգումը և հեռանկարում զգալիորեն արագացնել մաքսային գործընթացները, ինչպես նաև կրճատել առաքանիների առաքման ժամկետը։

Երկրորդը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանումը։ Առաջարկվում է արտահանվող ապրանքների համար կիրառել էլեկտրոնային առևտրի ապրանքների պարզեցված հայտարարագրի ձև, եթե դրանք ԵԱՏՄ երկրների մարքեթփլեյսներից և առցանց հարթակներից ձեռք են բերվում օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից։

Այս փոփոխությունը կոչված է տեղական վաճառողների համար հեշտացնելու մուտքը միջազգային շուկաներ։