Foto

Ոստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել են բազմադրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, տասնյակ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Ամենահնչեղ բացահայտումներից մեկը 16 անդամից բաղկացած հանցավոր խմբավորման վնասազերծումն էր, որի գործունեությունը չէր սահմանափակվում միայն Լոռու մարզով, այլ տարածվում էր նաև հանրապետության այլ բնակավայրերում։

Խմբի վնասազերծման արդյունքում բացահայտվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործության 24 դեպք, այդ թվում՝ սպանության նախապատրաստության և սպանության փորձի, անձի առևանգման, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու 6 դրվագ, որոնցից 2-ը վերաբերում են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների՝ «օրենքով գողերի»։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները բացահայտել են նաև 19 անդամից բաղկացած մեկ այլ հանցավոր կազմակերպություն։ Ըստ նախաքննության՝ այն տարիներ շարունակ ղեկավարել են Վանաձորի բնակիչ երկու եղբայրներ՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ։

Խմբի վնասազերծման արդյունքում բացահայտվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 25 դրվագ։
Բացահայտվել է նաև հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան մասնակցելու, առանձնապես խոշոր չափի գողության նախապատրաստության, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու նախապատրաստության և այլ դեպքեր։

Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել բոլոր անձանց նկատմամբ, առաջադրվել են մեղադրանքներ։

Լոռու քրեական ոստիկանների իրականացրած հերթական լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է նաև 8 անդամից բաղկացած հանցավոր խմբավորում, որը կազմված էր քրեածին տարրերից։

Քրեական ոստիկանները բացահայտել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 13 դրվագ, այդ թվում՝ սպանության նախապատրաստության և սպանության փորձի, ավազակության նախապատրաստության ու հրազենի հայտնաբերման, զենքի գործադրմամբ խուլիգանության և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպքեր։

Քրեական վարույթի շրջանակում խմբի բոլոր անդամներին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Կալանավորվածների թվում է նաև վանաձորցի քրեական հեղինակություն, որին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար։

Բոլոր դեպքերով նախաքննությունը շարունակվում է։

Այսպիսով, Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած հետևողական օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում մարզում սպանության որևէ դեպք չի արձանագրվել: