Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է նախկին «Մուլտի Վելնես» (Multi Wellness) առողջարանային համալիրի վերաբացման մասին: Քաղաքապետը դիմել է բնակիչներին՝ տեղեկացնելով, որ համալիրն արդեն իսկ գործում է և պատրաստ է սպասարկել այցելուներին:
Ըստ քաղաքապետի՝ այն քաղաքացիները, ովքեր նախկինում ձեռք են բերել ծառայությունների փաթեթներ, կարող են շարունակել օգտվել դրանցից, իսկ բաց թողնված օրերը կփոխհատուցվեն։
«Բոլոր այն օրերի համար, որի ընթացքում համալիրը փակված է եղել, այդ օրերը կավելացվեն ձեր փաթեթներին և բոլոր այն ծառայությունները, որոնք որ դուք գնել եք նախկինում, շարունակվելու են ձեզ մատուցվել»:
Ավինյանը վստահեցրել է, որ համալիրի հետագա գործունեությունը գտնվելու է քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում. «Երևանի քաղաքապետարանը ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը, հետևապես, արդեն իսկ կարող եք վերադառնալ մարզվելուն»։









