2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին Sputnik Արմենիան տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։
2026 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում ծնվել է 11 720 երեխա՝ 331-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծնունդների թիվը մեկ տարում նվազել է 2,7 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում մահացել է 10 493 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 708-ով պակաս։ Քանի որ մահերի թիվը ծնունդներից ավելի արագ է նվազել, երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։
Նվազել են մինչև 1 տարեկան երեխաների մահերը
2026 թվականի առաջին 5 ամսում գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների մահվան 60 դեպք՝ նախորդ տարվա 101-ի փոխարեն։ Ցուցանիշը նվազել է 40,6 տոկոսով։
Մինչև 4 տարեկան երեխաների մահերի թիվը 117-ից նվազել է մինչև 72՝ արձանագրելով 38,5 տոկոս անկում։
Մեռելածինների թիվը ևս նվազել է․ 2025 թվականի հունվար–մայիսի 167 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 142 դեպք։
Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում մահվան հիմնական պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Դրանց հետևանքով մահացել է 5486 մարդ, ինչը մահվան բոլոր դեպքերի 52,3 տոկոսն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հիվանդություններից մահերի թիվը նվազել է 6,4 տոկոսով։
Միաժամանակ նորագոյացություններից մահերի թիվն աճել է 6 տոկոսով՝ 2110-ից հասնելով 2237-ի։ Դրանք կազմել են մահերի 21,3 տոկոսը՝ 2025 թվականի 18,9 տոկոսի դիմաց։









