Foto

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բառնատարով կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուբիկ Ասկարյանը և Կարեն Մեխակյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանը, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։