Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչը, որում Իսպանիան 1:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ, կհիշվի ոչ միայն ֆուտբոլային դրամայով, այլև լարվածությանն ու նյարդերին չդիմացած հարավամերիկացիների ոչ սպորտային պահվածքով: ՖԻՖԱ-ն արդեն հայտարարել է, որ հետաքննում է Լիոնել Սկալոնիի թիմի գործողությունները եզրափակիչ սուլիչից հետո տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։
Լարվածությունն իր գագաթնակետին հասավ դեռ խաղի հիմնական ժամանակում, երբ Էնցո Ֆերնանդեսը հեռացվեց դաշտից Պաու Կուբարսիի նկատմամբ կոպիտ խախտման պատճառով: Սակայն իսկական քաոսը սկսվեց հանդիպման ավարտից հետո, երբ հարավամերիկացիներն ուղղակի կորցրին ինքնատիրապետումը.
Մոլինայի հարվածը. Երբ իսպանացիների ավագ Ռոդրին վազում էր նշելու չեմպիոնությունը, արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան բռունցքով հարվածեց նրա կրծքավանդակին:
Պարեդեսի ագրեսիան. Կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, որն արդեն աչքի էր ընկել կոպտությամբ, բռնեց Էրիկ Գարսիայի վզից ու հարվածեց նրան, իսկ հետո գետնին տապալեց Գավիին, ով փորձում էր պաշտպանել թիմակցին։ Այս գործողությունների համար Պարեդեսը խաղի ավարտից հետո կարմիր քարտ ստացավ:
Մարզչական շտաբի խայտառակությունը. Միջադեպից անմասն չմնաց նաև Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռոբերտո Այալան: Նա վիճաբանության մեջ մտավ Դանի Օլմոյի հետ և հարվածեց նրա դեմքին:
Անհարգալից վերաբերմունք. Երբ Իսպանիայի հավաքականը բարձրացնում էր բաղձալի գավաթը, արգենտինացի ֆուտբոլիստները դիտավորյալ մեջքով շրջվեցին նրանց՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք մրցակցի նկատմամբ։
BBC-ի հայտնի ֆուտբոլային վերլուծաբանները չեն խնայել Արգենտինայի հավաքականին իրենց մեկնաբանություններում.
Միկա Ռիչարդս. «Սա պարզապես խայտառակություն է։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում պարտվել, բայց խաղից հետո նման բաներ անելն անընդունելի է: Պարեդեսն իրեն շատ ցածր պահեց»։
Ջո Հարտ. «Զզվելի պահվածք: Այդ դաշտում կար միայն մեկ մարդ, ով բարձրակարգ պահվածք դրսևորեց, և դա Լիոնել Մեսսին էր»։
Ուեյն Ռունի. «Ինձ դա չի զարմացնում, մենք Արգենտինայից նախկինում էլ ենք նման բան տեսել։ Տխուր և շատ խեղճ պահվածք էր: Եթե պարտվում ես, պարտվիր արժանապատվորեն: Սա պարզապես արձագանք էր նրան, որ իրենց ամբողջությամբ գերազանցել էին դաշտում»։ Ռունին նաև քննադատեց Մեսսիին, ով խաղավերջում փորձում էր խնդիրներ ստեղծել Մարկ Կուկուրելյայի համար՝ դա որակելով որպես «հուսահատության քայլ»:
Ալան Շիրեր. «Իսպանիայի հաղթանակը ֆուտբոլի հաղթանակն էր։ Արգենտինացիները պարտվելու ձևը չգիտեն։ Նրանք անընդհատ տուգանայիններ էին մուրում, իսկ հանդիպման ավարտից հետո նրանց արձագանքը սարսափելի էր: Լավագույն թիմը հաղթեց»։
Ամենաաբսուրդայինն այս իրավիճակում արգենտինական լրատվամիջոցների արձագանքն է: Չնայած ամբողջ աշխարհի կողմից հնչող քննադատությանը՝ տեղական Clarín պարբերականը հրապարակել է խմբագրական, որում Լիոնել Սկալոնիի թիմին անվանել է «քաղաքավարի և հարգալից»։
Ավելին, թերթն այս աննախադեպ ծեծկռտուքն ու ագրեսիան նկարագրել է որպես «վերջին խաղում տեղի ունեցած մի քանի դժբախտ, մեկուսացված միջադեպեր»՝ հավելելով. «Այս թիմը ցույց տվեց արժեքների մի ամբողջություն, որոնք հազվադեպ են հանդիպում մեր օրերում»:
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն առաջիկայում կքննի բոլոր միջադեպերը, և սպասվում է, որ Արգենտինայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ:









