Foto

Անհավանական էներգետիկա և անդադար ծափեր. Իբրահիմ Մալուֆի համերգը` Երևանում

   Ֆրանս-լիբանանցի աշխարհահռչակ ջազային շեփորահար և կոմպոզիտոր  Իբրահիմ Մալուֆը հուլիսի 15-ին առաջին անգամ բացառիկ համերգով հանդես եկավ Երևանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և Ջազի հայկական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ։ Նա իր խմբի հետ միասին հանդիսատեսին  ներկայացավ իր T.O.M.A. (Trumpets of Michel-Ange) Vol.2 ծրագիրով։ 

undefined    Անհավանական էներգետիկա, անդադար հնչող ծափեր և լեփլեցուն դահլիճ. երաժիշտն իրեն բնորոշ հումորով և դրական տրամադրությամբ անմիջական շփում ապահովեց հանդիսատեսի հետ`  երաժշտությունը համեմելով իր հետաքրքիր պատմություններով։ Նա ծնվել է Բեյրութում, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Հայրը շեփորահար Նասիմ Մաալուֆն է, մայրը՝ դաշնակահարուհի Նադա Մաալուֆը։

Ինչպես նա կեսկատակ պատմեց բեմում` փոքր տարիքից ունեցել է պարտավորության զգացում հոր առաջ, որ արդարացնի նրա սպասելիքները որպես երաժիշտ։ 

undefined

  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երաժշտին հանձնեց «Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը։

undefined

  Մալուֆը հայտնի է իր յուրահատուկ ոճով, որտեղ միահյուսվում են արաբական և արևմտյան երաժշտության ավանդույթները։ Նա առաջին ու միակ շեփորահարն է, որը նվագում է արաբական ավանդական երաժշտություն։ Դա հնարավոր է դարձել հատուկ չորրորդ փականով շեփորի շնորհիվ, որը թույլ է տալիս արտաբերել արաբական մուղամին բնորոշ միկրոտոները։ 

undefined

   Բուռն զգացողություններով լի համերգից հետո երաժիշտը նաև կմիանա կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմին։ 

undefined

   Հիշեցնենք, որ այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Կինոփառատոնի այս տարվա պատվավոր հյուրը ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանն է։ Միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները գլխավորում են ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։

  Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է կինոփառատոնի գլխավոր հովանավորը։


Արմինե Բրսոյան