Foto

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել՝ պատժամիջոցների ցանկում ներառելով ևս տասը ֆիզիկական անձի, 24 ընկերություն և 20 նավ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում։

Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունները հիմնականում զբաղվում են ծովային փոխադրումներով։ Թարմացված ցանկում ընդգրկված նավերի թվում, բացի ունիվերսալ չոր բեռնանավերից, կան նաև կոնտեյներատարներ և քիմիական նյութեր տեղափոխող տանկերներ։

Պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց թվում է նաև Թեհրանում ծնված գործարար Ալի Ռահբարմադանին, որը, ամերիկյան իշխանությունների տվյալներով, ունի Ռուսաստանի և Իրանի երկքաղաքացիություն։

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է հատուկ արտոնագիր տրամադրելու մասին, որը թույլ է տալիս մինչև սեպտեմբերի 12-ը իրականացնել այն բոլոր գործարքները, որոնք անհրաժեշտ են պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց և նավերի հետ գործառնություններն ավարտին հասցնելու համար։

Այս արտոնագիրը, մասնավորապես, թույլատրում է բեռների տեղափոխումն ու բեռնաթափումը պատժամիջոցների տակ գտնվող նավերի մասնակցությամբ, եթե բեռնումը կատարվել է ոչ ուշ, քան հուլիսի 14-ը, իսկ բեռնաթափումն իրականացվում է Իրանից կամ Ռուսաստանից դուրս գտնվող որևէ նավահանգստում։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչը պայմանավորված է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի սրմամբ։