Foto

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները միտված են Իրանին բանակցությունների սեղան վերադարձնելուն

ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Իրանին, որպեսզի ստիպի Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե նրանք չհամաձայնեն բանակցել, մենք կոչնչացնենք նրանց բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները»,- Fox News-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ռազմական գործողության ընթացքը, ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև զգուշացրել է, որ ամերիկյան բանակն այս շաբաթ կշարունակի հարվածներ հասցնել Իրանին․ «Մենք հարվածում ենք նրանց այսօր, կշարունակենք վաղը, ապա նաև՝ հաջորդ օրը»։

«Հաջորդ շաբաթ հերթը կհասնի կամուրջներին ու էլեկտրակայաններին»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ էներգետիկ ենթակառուցվածքները ծրագրված հարվածների վերջնակետն են։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները շարունակում են շփումները։

«Մոտ մեկ ժամ առաջ»,- պատասխանել է Թրամփը Fox News-ի այն հարցին, թե երբ են եղել իրանական կողմի հետ վերջին շփումները։ Նախագահը նշել է, որ այդ խոսակցության ընթացքում Թեհրանին հերթական անգամ խորհուրդ են տվել գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ «Ձեզ համար ավելի լավ է համաձայնության գալ։ Հակառակ դեպքում՝ դուք պարզապես ոչինչ չեք ունենա»,- պարզաբանել է նա։

Թրամփը վերահաստատել է, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի համարել, որ Վաշինգտոնն հասել է իր նպատակներին․ «Սա կշարունակվի այնքան, մինչև ես որոշեմ, որ բավական է»։

ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Իրանը դեռևս ռազմական որոշակի պոտենցիալ ունի․ «Այնուամենայնիվ, դա այնքան էլ մեծ չէ»,- հավելել է նա։

Նա նաև կասկածի տակ է դրել Իրանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն ձգտում միջուկային զենք ստեղծել․ «Նրանք ստում են, ընդ որում՝ ստում են բացարձակապես ամեն ինչում»,- ասել է Թրամփը։