«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։
ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման համար։
Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։
Մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ընկերությունը շուկայի նախնական ուսումնասիրություն կիրականացնի՝ գնահարցումներ ուղարկելով ոլորտում գործունեություն ծավալող հնարավորինս լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտների։
Մասնակցությամբ հետաքրքրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 20-ը ներառյալ պետք է ընկերության հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Սահմանված ժամկետի ավարտից հետո ՀԷՑ-ը կանցնի գնման հետագա գործընթացների կազմակերպմանը։









