Foto

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 4 վիրավոր։ Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև Թալին բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների, պարեկների ու քաղաքացիների հետ պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։