Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը Վրաստանի ինը շրջաններում անցկացված քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալել և մեղադրանք է առաջադրել ընդհանուր առմամբ 28 անձի` 14 քրեական գործերով։
Գործակալության տվյալներով՝ բացահայտված հանցագործությունների թվում են.
կաշառակերություն,
կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստում և տրամադրում,
խմբային կաշառակերություն,
պետական միջոցների և հողամասերի խարդախությամբ յուրացում,
պաշտոնական լիազորությունների չարաշահում։
ՊԱԾ-ի տվյալներով՝ պետական գնումների շրջանակներում միջոցների խարդախությամբ յուրացման փաստերի վերաբերյալ հինգ տարբեր գործերով ձերբակալվել է երեք անձ, իսկ տասնմեկին մեղադրանք է առաջադրվել։ Հետաքննությունը վերաբերում է Ծալկայի, Ախալցիխեի և Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետներում ճանապարհային ենթակառուցվածքների, խմելու ջրի ցանցերի և հանրային դպրոցների վերականգնման աշխատանքների ընթացքում մասնավոր ընկերությունների տասնյակ հազարավոր լարիների խարդախությամբ յուրացմանը։
Հետաքննությունը նաև պարզել է, որ Թբիլիսիի մանկապարտեզների և Բաթումիի անվճար ճաշարանների ծառայությունների համար հայտարարված մրցույթների շրջանակներում մի քանի անձինք, որոնք պատասխանատու են ճանաչվել, մատակարարել են Զատկի սնունդ և ախտահանիչներ պայմանագրով նախատեսվածից փոքր քանակությամբ, այլ ապրանքանիշի և ցածր որակի: Վերոնշյալ գործողությունները պետությանը պատճառել են 669,497 լարիի չափով վնաս:
Յոթ անձի մեղադրանք է առաջադրվել հողամասերի խարդախությամբ ձեռքբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստերով:









