Foto

Իրանը կարող է մինչև 50 միլիարդ դոլար ստանալ պատժամիջոցների վերացման և ակտիվների ապասառեցման հաշվին

Իրանը կարող է մինչև 50 միլիարդ դոլար ստանալ ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների վերացման և ակտիվների ապասառեցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն իրագործելու դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով բանակցություններին քաջատեղյակ աղբյուրների։ Սկզբում Դոհայում համաձայնեցվել է 6-ական միլիարդ դոլարի երկու տրանշ. անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման վերջնական արարողությունը պետք է անցկացվեր Շվեյցարիայում, իսկ իրանական կողմի ներկայացուցիչն այժմ հայտարարել է, որ գործընթացն ավարտված է։ Բանակցությունների 60 օրվա ընթացքում կարող է ապասառեցվել ևս 12 միլիարդ դոլար։ Եթե կողմերը հասնեն վերջնական համաձայնության, պատժամիջոցների վերացումը և վերադարձված ակտիվները կարող են գնահատվել 50 միլիարդ դոլար, հաղորդում է հեռուստաալիքը։

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ այս միջոցները հայտնվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտ. ենթադրվում է, որ դրանք կծախսվեն պարենամթերքի և բժշկական պարագաների վրա։ Վաշինգտոնը նաև ցանկանում է, որ ապրանքները ձեռք բերվեն ֆինանսական ուղիներով և Միացյալ Նահանգների հետ կապված շուկաներում։ Պարզ չէ՝ արդյոք Թեհրանը լիովին համաձայնե՞լ է այս պահանջներին։

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունիսի 22-ին հայտարարել է, որ Իրանի ակտիվների ապասառեցումը հնարավոր է, սակայն միջոցները պետք է օգտագործվեն ոչ թե իրանամետ խմբավորումների ֆինանսավորման, այլ, օրինակ, ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք գնելու համար։