2000-ականների սկզբին ավստրիական կինոյին նոր շունչ հաղորդած ու համաշխարհային նոր հեղինակություն բերած Ջեսիքա Հաուսները գլխավորելու է «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Հաուսները մի քանի տարին մեկ մեծ իրարանցում է առաջացնում եվրոպական կինոփառատոներում իր նորանոր հոգեբանական դրամաներով, որոնք ավանդաբար իրենց պրեմիերան ունենում են Կաննի Գլխավոր կամ «Հատուկ հայացք» ծրագրերում։
Այս «շոկային» ճամփորդությունը սկսել է 2001 թվականին Հաուսների դեբյուտային «Սիրելի Ռիտա» ֆիլմով, որը միանգամից դարձավ ավստրիական կինոյի դասական նմուշ։
Մի իրականությունում, որտեղ ավստրիական կինոմշակույթը հեղեղված էր կոմերցիոն ֆիլմերով, Ջեսիքա Հաուսները կերտեց իր ուրույն ժանրային կինոն, որը խորապես ազդված է իր մեծանուն ազգակից Միխայել Հանեքեի, հանճարեղ Սթենլի Կուբրիկի ու երբեմն նաև Դեյվիդ Լինչի ստեղծագործական ժառանգությամբ։









