Foto

70-ից կդառնան 64. Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքները կմիավորվեն

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:

Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել նոր՝ Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:

Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով:

Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք։ Դդրանց թիվը կդառնա 64։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Ազգային ժողովի նիստում նշել է, որ համայնքների միավորումը գործնականում ցույց է տվել իր արդյունավետությունը և գործընթացը դեռ կշարունակվի։