Փաշինյանը 2021-ին հանրությանը ներկայացրեց իր կառավարության հնգամյա ծրագրի ամենից շատ գովազդվող նախաձեռնություններից մեկը՝ մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Այս ծրագիրը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության առանցքային բաղադրիչ, «Նոր Հայաստանի» խորհրդանիշ և պետք է դառնար իշխանության արդյունավետության գլխավոր ցուցիչներից մեկը, գրում է 168.am–ը։
«Անցել է 5 տարի։ Այս կառավարության լիազորությունների ավարտին մնացել են հաշված շաբաթներ, և այսօր արդեն հնարավոր է հստակ տվյալների հիման վրա գնահատել, որ այդ խոստումը, ի թիվս այլոց, չի կատարվել։
2023-2026թթ.-ի ընթացքում Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բազմիցս իրենց հանրային ելույթներում հայտարարում էին, որ ծրագրի իրագործումը լավ է ընթանում, և ըստ ժամանակացույցի։ Սակայն իրականությունը բոլորովին այլն է։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ նախատեսված 300 դպրոցներից ավարտված են միայն 135-ը։ Այսինքն՝ խոստացված դպրոցների ավելի քան կեսը՝ 165-ը, կառավարության գործունեության ավարտին դեռևս պատրաստ չեն։
Մանկապարտեզների դեպքում՝ նախատեսված 500-ից ավարտված են միայն 306-ը, իսկ 194-ը շարունակում են մնալ անավարտ։
Ստացվում է, որ 5 տարվա ընթացքում դպրոցաշինության ծրագիրն իրականացվել է ընդամենը 45%-ով , իսկ մանկապարտեզաշինության ծրագիրը՝ մոտ 61%-ով։ Ու սա այն դեպքում, երբ խոսքը կառավարության կարևորագույն և ամենից գովազդված ծրագրերից մեկի մասին էր, որը նաև այս նախընտրական շրջանում դարձել է քարոզչական առանցքային թեզերից մեկը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









