Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:
Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը ուխտավոր հավատացյալների ուղեկցությամբ շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջը:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան մասունքով օրհնեց հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։
Բերկրառատ տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանը։
Օրվա խորհրդի մասին քարոզեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը՝ անդրադառնալով տոնի խորհրդին և Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատմությանը։
«Սուրբ կույսերը մերժեցին կռապաշտությունը և չուրացան իրենց հավատքը, հատկապես Հռիփսիմեն, որին խոստացվեց մինչև թագուհու պաշտոն, հարստություն, սակայն նա այս ամենի փոխարեն ընտրեց Քրիստոսի սերը։ Սուրբ կույսը մերժեց թագավորի կամքը, որի համար և նահատակվեց», - ասաց Հայկազուն Սրբազանը՝ ընդգծելով, որ Հռիփսիմյանց կույսերի մարտիրոսությունը հետագա դարերում քրիստոնյաների համար դարձավ առ Աստված նվիրումի և անձնազոհության օրինակ։
Հայկազուն արքեպիսկոպոսը նկատեց նաև, որ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությունը պարզապես պատմության հիշատակում չէ, այլ վերահաստատումն է մեր հավատքի՝ որպես սուրբ կույսերի հետևորդներ, ինչպես առաքյալները՝ Քրիստոսի, և քրիստոնեությունը միայն գրքերում արձանագրված աստվածաբանություն չէ, այլ ամեն օր ապրվող իրականություն է։
Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց Անդաստանի կարգ:









