Այս քարոզարշավը իշխանությունը վերածեց Հայաստանի պատմության մեջ ամենակեղտոտ քաղաքական գործընթացի։ Կարծում եմ՝ սա տեսնում են բոլորը։ Այն մարմնավորում է ստախոսության, լկտիության, սպառնալիքների ու հայհոյանքների, որոնք վայել չեն ո՛չ նորմալ քաղաքական գործընթացին, ո՛չ էլ նորմալ երկրի համար։ Եվ այս մշակույթը, այս ամենը, քաղաքական կյանք մտցրեց հենց վարչախումբը և անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը պարտավոր էր անել ճիշտ հակառակը։ Այս մասին Աշտարակում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտքից գլուխ, և ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև, կարծես, ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է։ Ոգևորվում է նրանից, որ մարդիկ իրար են գզում, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում։ Սա է իրեն այսպիսի աշխուժություն և հիստերիկ վիճակ պահպանող գործոնը։
Սա նորմալ չէ։ Սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս համար ուղղակի ակնհայտ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից»,-ասել է նա։









