Foto

Գյուղացիները փակել էին Երևան–Արմավիր ավտոճանապարհը․ պատճառը՝ լոլիկի արտահանման խնդիրներն են

Այսօր՝ մայիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս գյուղի վարչական տարածքում, նույն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում լոլիկի և գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների պատճառով։

«Ամբողջ տարին աշխատում ենք, որպեսզի գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես լոլիկը, այնպես էլ այլ գյուղմթերքներ չենք կարողանում արտահանել։ Վարկեր ենք վերցնում, հող մշակում, թունաքիմիկատներ գնում, բանվորների աշխատավարձ ենք վճարում և բազմաթիվ այլ ծախսեր անում, բայց բերքը չենք կարողանում իրացնել։ Արդյունքում վարկերը մնում են մեր ուսերին, և չենք կարողանում դրանք մարել»,-ասել են գյուղացիները։

Համայնքային ոստիկանների և պարեկների հետ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է։

Գյուղացիները հայտնել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք կդիմեն բողոքի այլ քայլերի։