Foto

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ խաղացողը մեկ մրցաշրջանում նվաճել է երկու եվրագավաթ

Լոնդոնի «Քրիստալ Փելասի» վինգեր Էվան Գեսանը դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, որին հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել եվրոպական երկու տարբեր ակումբային մրցաշարերում։

Չորեքշաբթի՝ մայիսի 27-ին, «Քրիստալ Փելասը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակիչում 1-0 հաշվով առավելության հասավ իսպանական «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։ 24-ամյա իվուարցի ֆուտբոլիստն այս հանդիպմանը խաղադաշտում անցկացրեց 10 րոպե։

Հատկանշական է, որ Գեսանը լոնդոնյան ակումբ էր տեղափոխվել ընթացիկ տարվա հունվարին՝ վարձավճարով հեռանալով «Աստոն Վիլայից»։ Մինչ տեղափոխությունը՝ նա բիրմինգհեմյան թիմի կազմում հասցրել էր մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկության 7 հանդիպման և դառնալ 2 գոլի հեղինակ։ Մայիսի 20-ին «Աստոն Վիլան» Եվրոպայի լիգայի վճռորոշ խաղում 3-0 հաշվով վստահ առավելության էր հասել գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ։

Քանի որ ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին հատվածում գրանցված է եղել «Աստոն Վիլայի» եվրագավաթային հայտացուցակում, նա պաշտոնապես համարվում է ինչպես Եվրոպայի լիգայի, այնպես էլ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի հաղթող։

Հավելենք նաև, որ «Քրիստալ Փելասն» իր պատմության մեջ առաջին անգամ էր հանդես գալիս եվրագավաթների եզրափակիչում։ Այս հաղթանակի շնորհիվ անգլիական ակումբը նաև ապահովեց իր տեղը 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի խաղարկությունում։

Աղբյուրը՝ Armsport.am: