Կառավարությունը նախատեսում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ» համաձայնագիրը, որի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 170.3 մլն եվրո (200 մլն դոլարին համարժեք) բյուջետային աջակցության վարկ։
Ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ վարկը նպատակաուղղված է Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և տնտեսական վերափոխումների շարունակականության ապահովմանը։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
Փաստաթղթով նախատեսված բարեփոխումները ներառում են ներդրումային և մաքսային ոլորտների փոփոխություններ, տնտեսական մրցակցության պաշտպանության ուժեղացում, թվայնացման և կիբեռանվտանգության համակարգերի զարգացում, ինչպես նաև կլիմայական և բնապահպանական նոր քաղաքականությունների ներդրում։
Վարկը տրամադրվելու է 28 տարի ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ։ Տոկոսադրույքը սահմանվել է 6-ամսյա Euribor + լողացող սպրեդ սկզբունքով և 2026 թվականի ապրիլի 14-ի դրությամբ կազմելու է 3.717 տոկոս։
Ֆինանսների նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցներն ուղղվելու են 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, և վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր է պետական ծախսերի ապահովման համար։









