Բելառուսի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով մայիսի 25-ին ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բելառուսական ընդդիմադիր Zerkalo պարբերականը։
Սա Տիխանովսկայայի առաջին այցն է Ուկրաինա։Նախատեսված է, որ Տիխանովսկայան հանդիպումներ կունենա Ուկրաինայի ղեկավարության հետ։ Նա նաև կմասնակցի Քաղաքների և տարածաշրջանների միջազգային գագաթնաժողովին։ Այս ամենամյա միջոցառումը, որը Ուկրաինայի նախագահին կից տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի մաս է կազմում, նպատակ ունի միջազգային աջակցություն ներգրավել երկրի վերականգնման համար։
Ավելի վաղ Սվետլանա Տիխանովսկայան դատապարտել է Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա անօդաչուներով և հրթիռներով Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակումը՝ նշելով, որ «ահաբեկչությունը հովանավորվում է Լուկաշենկոյի ռեժիմի կողմից»։
Նա համերաշխություն է հայտնել ուկրաինացիներին և վստահություն հայտնել նրանց հաղթանակի վերաբերյալ։ Զելենսկին իր հերթին հրապարակավ շնորհակալություն է հայտնել նրան աջակցության համար։
Մայիսի 22-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, մեկնաբանելով Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Զելենսկու հետ հանդիպելու առաջարկը, հայտարարել էր Տիխանովսկայայի առաջիկա այցի մասին՝ նշելով, որ Կիևն «ունի մեկին, որի հետ կարող է խոսել Բելառուսին վերաբերող բոլոր հարցերի շուրջ»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս տարվա հունվարի վերջին Վիլնյուսում Տիխանովսկայայի հետ առաջին երկկողմ հանդիպման ժամանակ հրավիրել էր նրան Ուկրաինա։









