«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համարն է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Գալյանը հայտարարագրել է երկու հողամաս, հողամասերից մեկը գտնվում է Զովունիում 0․05 հեկտար մակերեսով և միանձնյա սեփականության իրավունքով, մյուսը՝ Դիլիջանում 0․155 հեկտար մակերեսով համատեղ սեփականության իրավունքով։ Նա հայտարարագրել է անհատական բնակելի տուն Դիլիջանում` 159․70 քմ մակերեսով, համատեղ սեփականության իրավունքով, ինչպես նաև միանձնյա սեփականության իրավունքով բնակարան Երևանում, որի մակերեսը 83․80 քմ է։
Արդարադատության նախարարը 11․998․005 դրամ արժեքով պարտատոմս է հայտարարագրել։
Հաշվետու տարում Գալյանը 6 աղբյուրից եկամուտ է ստացել։ Երևանի պետական համալսարանից 643 430 դրամ աշխատավարձ, արդարադատության նախարարությունից որպես աշխատավարձ ստացել է 25 933 322 դրամ, Ֆինանսների նախարարությունից 4 334 884 դրամ եկամտահարկի վերադարձ, նախկին ամուսնուց 1 200 000 դրամ ալիմենտ, բանկերից մեկից ստացել է 12 միլիոն դրամ վարկ և 104 140 դրամ ավանդից ստացված տոկոսներն են կազմել։
Բանկերից մեկում հայտարարագրել է պարտատոմս՝ ներդրման չափը 0.436919 տոկոս։
Հայտարարագիրը ներկայացնելու օրա դրությամբ Սրբուհի Գալյանն ունեցել է 5 249 064 դրամ և 5200 դոլար։
Հասմիկ Սարգսյան









