Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտնել է, որ միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկի քոլեջի ակադեմիական շենքին և հանրակացարանին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, նախնական տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Telegram-ում։
Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նշել է, որ հարվածի պահին շենքերում գտնվել է 14-ից 18 տարեկան 86 դեռահաս։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարվածը որակել է «հրեշավոր հանցագործություն»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 22-ի գիշերը երկրի 16 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում խոցվել է 217 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով երեք մարդ է վիրավորվել։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերն ուկրաինացի զինվորականները «գործողություններ են իրականացրել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ»։
Իսկ Յարոսլավի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ Յարոսլավլին մոտենալիս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել, և որ զոհեր չեն արձանգրվել։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 124 անօդաչու թռչող սարք, որից 115-ը խոցվել են։
Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սումիի մարզում ռուսական հրետակոծության հետևանքով վիրավորվել է տասնմեկ մարդ, այդ թվում՝ 13-ամյա երեխա։









