«Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Матч ТВ»-ի եթերում խոստովանել է, որ FONBET Ռուսաստանի Գավաթի Սուպերեզրափակիչում ուրախ կլինի իր նախկին ակումբներից ցանկացածի հաղթանակի դեպքում։
«Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ 18:00-ին։
Հայ նախկին ֆուտբոլիստը բարձր է գնահատել «ցուլերի» առաջատարների՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և հարձակվող Ջոն Կորդոբայի խաղային որակները․
«Սպերցյանը լավն է բառացիորեն ամեն ինչում՝ դաշտը տեսնելու, արագության, դիմացկունության, տակտիկական գրագիտության և հոգեբանության մեջ։ Բացարձակապես յուրաքանչյուր բաղադրիչ շատ բարձր մակարդակի վրա է։ Բացի այդ, նա շատ կայուն է։ Սպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ՝ միայն արագություն կամ միայն տեխնիկա։ Նա ուժեղ է միանգամից մի քանի պարամետրերով։
Ինչ վերաբերում է Կորդոբային, ապա ինձ համար նրա գլխավոր որակն այն է, որ նա բառացիորեն գազան է։ Դա մղձավանջ է ցանկացած պաշտպանի համար։ Երբ տեսնում ես նրան դաշտում, հասկանում ես, թե ինչու ոչ մի պաշտպան չէր ցանկանա խաղալ նրա դեմ. նա ֆանտաստիկ ուժեղ է, հիանալի է խաղում մեջքով դեպի դարպասը և հոյակապ է պահում գնդակը: Ընդ որում, ամբողջ խաղի ընթացքում նա մնում է առավելագույնս կենտրոնացած ու վտանգավոր։ Նա իսկական գազան է»,- նշել է Մովսիսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե որ թիմին է այս տիտղոսն ավելի շատ պետք հենց հիմա՝ «Սպարտակի՞ն», թե՞ «Կրասնոդարին», Յուրան անկեղծացել է.
«Ինձ համար դա նույնն է, թե հարցնեք՝ ում եմ ավելի շատ սիրում՝ դստե՞րս, թե՞ որդուս, երեխաներիցս ում կցանկանայի ավելի հաջողակ տեսնել: Երկու թիմերին էլ տիտղոսն անհրաժեշտ է, քանի որ երկուսն էլ արժանի են դրան։ Ես ուզում եմ, որ հաղթի այն թիմը, որն այդ օրն իսկապես լավագույնը կլինի։ Ով էլ նվաճի գավաթը, ես ուրախ կլինեմ այդ ակումբի համար»,- եզրափակել է հայ հարձակվողը Դմիտրի Զանինի՝ «Матч ТВ»-ի եթերում հեռարձակված «Սուպերմատչ» հատուկ ռեպորտաժում։









